Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահի հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը բարձր է գնահատել Լյուկ Դըվինազի նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը, ինչի դրսևորումը նաև այս օրերին Հայաստանում գտնվելն ու հայ ժողովրդին համերաշխության ցուցաբերումն է։

«Ցավոք, այս անգամ Ձեր այցելությունը, որը նախատեսված էր տոնական առիթով, համընկավ չափազանց ծանր իրավիճակի հետ, երբ մենք դիմակայում ենք մեր երկրի ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ագրեսիային ու դրա ծանր հետևանքներին: Մեծապես արժևորում ենք ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում և Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման համատեքստում բարեկամ Ֆրանսիայի բոլոր մակարդակներով հայ ժողովրդին ուղղված բացառիկ համերաշխությունն ու մեծ ուշադրությունը, ուղիղ և հասցեական հայտարարությունները»,-ընդգծել է քաղաքապետի առաջին տեղակալը։ Խոսելով Երևանի և Ֆրանսիայի գործընկեր քաղաքների միջև հաստատված ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ արդեն իսկ հստակ քայլեր են տարվում մի շարք ուղղություններով նախանշված նախագծերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն իր հերթին նշել է, որ չնայած նրան, որ փոխվեց պատվիրակության այցի բնույթը, իրենց համար ևս կարևոր էր չընդհատել հայաստանյան այցը: Անդրադառնալով ապակենտրոնացված համագործակցությանն ու Երևանի և Լիոնի միջև ձևավորված հարաբերություններին՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նկատել է, որ կան բազում կետեր, որոնք քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություն կտան:

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Լիոնի հետ համատեղ 2023թ.-ից մեկնարկվելիք գործակցության նոր եռամյա ծրագրի մշակմանը: