Բացել լրահոսը Փակել լրահոսը
1093426
A A
Հասարակություն

Վերաբացվել է Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն սեպտեմբերի 26-ին ներկա է գտնվել Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերաբացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանի ընկերոջ՝ Վազգեն Գևորգյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մարզադպրոցը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներով վերանորոգված, իր դռներն է բացել հարյուրավոր սաների առջև:

Ըստ աղբյուրի՝ մարզադպրոցի վերաբացմանը ներկա են եղել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, բարերար Վազգեն Գևորգյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ըմբշամարտի աշխարհի այլ ներկայացուցիչներ, մարզիչներ և մարզիկներ:

Նշվում է, որ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի գնահատմամբ, նմանօրինակ պայմաններն անպայման նպաստելու են ավելի լավ արդյունքներ գրանցելուն. «Այն, ինչ այսօր կատարվել է այստեղ, ծափահարությունների է արժանի: Որպես հայ մարդ՝ խոնարհվում եմ բարերարի առջև: Նա իսկապես աստվածահաճո գործ է կատարել: Այսքան երեխա, կտրվելով փողոցից, ուժեղանում է և ֆիզիկապես դառնում է իր երկրին շատ պիտանի մարդ: Հիանալի է ուղղակի: Սա լուրջ ավանդույթներ ունեցող մարզադպրոց է, հարյուրավոր երեխաներ են այստեղ մարզվում: Ես վստահ եմ՝ այս պայմանները կօգնեն, որ մեդալները բազմապատկվեն»:

«Մարզադպրոցում տեղադրվել են ջեռուցման և հովացման ժամանակակից համակարգեր, բարձրակարգ օդորակիչներ, գերժամանակակից լույսեր, վարժասարքեր, ըմբշամարտի համար նախատեսված բարձրորակ գորգեր: Վերանորոգվել են մարզադպրոցի հանդերձարանները, լոգասենյակները, կառուցվել է նաև շոգեբաղնիք:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է՝ որպես Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ իրենք հետևություններ կանեն, թե ինչպիսին պետք է լինեն մնացած մարզադպրոցները: