Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Կոմիտասի ստեղծագործությունները կատարելով՝ մենք ինքնաճշտվում ենք, վերադառնում ենք դեպի մեզ». Արա Խզմալյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ն անցկացնում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:

 

Մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մի շարք մտավորականներ, արվեստագետներ, գիտաժողով-փառատոնի մասնակիցներ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Վարդապետի շիրիմին: Կոմիտասի ծննդյան 153-ամյակի առիթով տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ:

 

«Կոմիտասի շիրիմին կատարվեց հոգեհանգստյան կարգ, որով տրվեց ավանդական փառատոնի մեկնարկը, որը տարիներ շարունակ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հանրային տրամադրության բովանդակությամբ պայմանավորված՝ այս տարի փառատոնի կազմակերպիչները չեղարկել են բոլոր հանդիսավոր միջոցառումները, համերգային բաղադրիչները, և օրվա տրամադրությանը հարիր ձևաչափ է ընտրվել: Սակայն պետք է նշեմ, որ Կոմիտասը մնում է որպես կողմնորոշիչ, որպես հոգևոր և մտավոր բևեռ և դրանով իսկ պայմանավորված՝ Կոմիտասի ծննդյան օրը նշանավորող միջոցառումներ կլինեն»,- ասել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

 

Խոսելով Կոմիտասի դերի և նշանակության մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է. «Կոմիտասը, բացի հայության ոգեղեն, հավաքական կերպար լինելուց, մեր արյան շրջանառությունն ու նյարդային համակարգն է, և դժվար է գտնել որևէ այլ անուն, որն այդքան ամբողջական և լիարժեք զետեղված լինի մեր հոգևոր ու նյարդային համակարգում, մեր մտավոր տիրույթում, որքան Կոմիտաս Վարդապետը: Պատահական չէ, որ Կոմիտասը շարունակում է մնալ որպես ամենակատարվող հեղինակ, և նրա ստեղծագործությունները կատարելով՝ մենք ինքնաճշտվում ենք, վերադառնում ենք դեպի մեզ: Կոմիտասը մեր ինքնուրույն գոյության գրավականն ու պաշտպանն է»:

 

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրում Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան):

 

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ