Բացել լրահոսը Փակել լրահոսը
Anna-Israyelyan-areresum-3
A A
Քաղաքականություն

Եթե մենք վավերացնեինք Հաագայի դատարանի կանոնադրությունը՝ դա մեզ համար անվտանգության մի շերտ կլիներ. «Առերեսում»․ Առավոտ (տեսանյութ)

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Հայաստանի անունից Արդարադատության միջազգային դատարանին է սեպտեմբերի 19-ին փոխանցել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման շարունակական խախտումների մասին ապացույցներ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ բռնության և զոհված հայ զինծառայողների պղծման տեղեկություններ: «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանը պատասխանելով դիտարկմանը, թե փաստորեն այդ որոշումները զսպող ազդեցություն չեն ունենում՝ մասնավորապես ասաց. «Միջազգային դատարանը ոստիկանություն եւ հարկադիր կատարողներ չունի, որ իր իսկ որոշումը միջանկյալ միջոցների մասին՝ գնա հարկադիր կատարելու: Խախտումները հետո՝ վճիռ կայացնելիս հաշվի կառնի դատարանը: Նույնը ՄԻԵԴ-ն է անում»:

Միջազգային իրավունքի մասնագետները համակարծիք են՝ պատերազմական վիճակում գտնվող, հարձակման ենթարկված Հայաստանը պետք է օգտագործի իրավական հնարավոր բոլոր միջոցները։ Առայսօր մի դիմում է ներկայացվել Արդարադատության միջազգային դատարան, մեկն էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սակայն առաջարկվում է գործարկել նաեւ միջազգային այլ մեխանիզմներ՝ ասենք, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնել հատուկ հարցերով զեկուցողի այց սահմաններ: Մարդու իրավունքների հարցերով փորձագետ, փաստաբան Արա Ղազարյանը կարծում է, որ իրավական գործընթացները բավական արդյունավետ են ընթանում. «Երկու դատարաններն էլ օգտագործվում են: Ինչ վերաբերում է նշված օրինակներին՝ շատ բաներ չէ, որ կառավարությունը կարող է անել:

Օրինակ՝ մոնիթորինգային խմբերի հետ աշխատելն առավել արդյունավետ կլինի, որ անաչառ երեւան ու քաղաքացիական հասարակությունն անի եւ արվում է՝ փաստահավաքություն բազմաթիվ մասնավոր խմբերի կողմից»: «Հայաստանի իշխանությունները երբեք այսքան ակտիվ չեն եղել միջազգային ատյաններում: Սա բացառիկ բան է՝ ես չեմ տեսել այդպիսի ակտիվություն»,- նկատեց Արման Զրվանդյանը: ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել էր, որ խոշտանգված զինծառայող կնոջ կտտանքների ենթարկված մարմնի՝ մասնագիտական բժշկական վերլուծության ենթարկված տեսանյութն արդեն իսկ ուղարկվել է թե ՄԱԿ-ի, թե Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցներին: Սակայն արդյոք այս եւ Ադրբեջանի ռազմական այլ հանցագործությունները միջազգային հանրության կողմից արժանանո՞ւմ են համարժեք արձագանքի եւ հստակ իրավական գնահատականների:

Դրանք բացակայում էին 44-օրյա պատերազմից հետո անցած 2 տարում, եւ նաեւ այդպես է պատճառաբանվում, որ Ադրբեջանը շարունակում է նույն ձեռագիրը: Արման Զրվանդյանն ասաց, որ միջազգային հանրության ու կառույցների արձագանքներն իր համար այդքան հետաքրքիր չեն. «Ենթադրենք՝ հնչեց մի գնահատական ու կոչ՝ դա անհետեւանք իրադարձություն է: Ես նշում եմ քրեական մեխանիզմների իրականացման կարեւորությունը… Բայց այսօր ես չեմ տեսնում ակտիվություն՝ քրեական գործընթացների շրջանակներում: Առաջինը՝ համընդհանուր իրավազորության կիրառման մեխանիզմներն են, որ կարող ենք գործարկել: Ես չգիտեմ՝ անո՞ւմ ենք, թե՞ չենք անում: Օրինակ՝ նույնականացրե՞լ ենք, եւ հանձնելու կամ դատապարտելու խնդրանքներ ուղարկե՞լ ենք տարբեր երկրների»: Հավելեց, թե այդ պարագայում տվյալ ռազմական հանցագործները խնդիր կունենան երկրից դուրս գալու: Կարդացեք նաև «ՄԻԵԴ-ն արդեն երեք նոր դիմում ընդունել է հայ ռազմագերիների հարցով միջանկյալ միջոց կիրառելու համար». Անի Չատինյան «Եթե հավաքի մասնակիցները չեն ենթարկվել վարչական տույժի կամ նրանց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ապա բերման ենթարկելը, կամ ինչպես կկոչեք դա, անօրինական է». Արա Ղազարյանը՝ Եռաբլուրում կատարվածի մասին «Առնվազն երեք կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել». ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շեշտել էր․ «Ես հանդիպել եմ միջազգային հանրության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, տվել զեկույցներ, ինձ ասել են՝ մենք չենք իմացել այս փաստերի մասին։ Ինձ ասում էին՝ կարո՞ղ եք այդ փաստերը փոխանցել ձեր իշխանություններին․․․Ես փոխանցել եմ, երկրորդ անգամ համոզվելու հնարավորություն շատ դեպքերում էլ չկար, բայց գործողությունները երբ վերլուծում եմ, հասկանում եմ, որ կոնկրետ փաստերի մասին չեն իմացել»:

Արդյոք այս առումով աշխատանքի բացե՞ր կան՝ հարցին ի պատասխան, Արա Ղազարյանն ասաց. «Գուցե, չեմ կարող հաստատել: Իմ կարծիքով, այն, ինչ մինչեւ հիմա տեղի է ունեցել՝ բավարար չափով ամրագրված տարածվել է: Եթե կան խոչընդոտներ՝ դրանք օբյեկտիվ բնույթ են կրում: Գուցե կարելի է միայն մեղադրել, որ Ադրբեջանն ավելի մեծ լոբբիստական հնարավորություններ է ունեցել եւ ունի, քան Հայաստանը, բայց դա առաջին հերթին ֆինանսներից է կախված, կարծում եմ: Գուցե այլ գործոններ են կան: Բայց կոնկրետ ՄԻԵԴ-ում երբ ես համեմատում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքերը զինված հակամարտության գործերով՝ վաղուց հավասարության այդ նշանը շեղվել է՝ հօգուտ Հայաստանի»: Զրույցի ընթացքում կարեւորվեց, որ հնարավորություն ստեղծվի Միջազգային քրեական դատարանի (Հաագայի դատարան) իրավազորությունը ճանաչելու՝ Ադրբեջանի նախագահին քրեական պատասխանատվության կանչելու համար:

«Եթե մենք վավերացնեինք ՄՔԴ կանոնադրությունը՝ դա մեզ համար անվտանգության մի շերտ կլիներ»,- նկատեց Արման Զրվանդյանը: Թեեւ Արա Ղազարյանը շեշտեց. «Եթե մենք ընդունում ենք դատարանի իրավազորությունը կոնկրետ իրավիճակով՝ չի՞ նշանակում, որ մենք ընդունում ենք նաեւ դատարանի ընթացակարգը, թե որոշ դեպքերում համաձայն ենք, որ ՄՔԴ-ն ինքն իրականացնի արդարադատություն Հայաստանի ներսում՝ մեր դատարանների փոխարեն: Դա հակասում է մեր Սահմանադրությանը. միայն ՀՀ դատարանները կարող են Հայաստանի տարածքում իրականացնել արդարադատություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով