Քաղաքապետարանը ՌԴ քաղաքացիներին արգելել է երթով անցնել ՌԴ դեսպանատան մոտով
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ քաղաքացի Յուրի Ալեքսեեւը ծանուցել է Երեւանի քաղաքապետարանին, որ ցանկանում է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18.00-20.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնել։
Հավաքի անցկացումն ընդունվել է ի գիտություն։ Սակայն արգելվել է Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Վազգեն Սարգսյան փողոց-Բեյրութի փողոց-Ռուսաստանի հրապարակ-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոց-ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն երթուղով երթի անցկացումը։
Ինչպես նաեւ արգելվել է հավաքի ժամանակ օգտագործել այնպիսի իրեր և առարկաներ, որոնք կարող են կոպտորեն խախտել հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, այդ թվում՝ ազգային ատելություն բորբոքող գրառումներով պաստառներ։
Որոշման օրինակը Յուրի Ալեքսեեւը ստացել է այսօր եւ հայց ներկայացրել Վարչական դատարան։ Նրա ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ խնդրում են անվավեր ճանաչել Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն հիշյալ երթուղով երթի անցկացման արգելքը։
Որոշման հիմքում ոստիկանության եզրակացությունն է։ Ոստիկանության ծառայող Ա. Վարդանյանը պնդել է․
«Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Յուրի Ալեքսեևի և վերջինիս մի խումբ համախոհների կողմից վերջին շրջանում հաճախակի իրականացվել են համանման նպատակներով հավաքներ, որոնք դժգոհություն են առաջացրել հասարակության լայն շրջանում՝ պայմանավորված այդ հավաքների ընթացքում ռուս և հայ ազգերի միջև ատելություն բորբոքող տարաբնույթ դրսևորումներով։
Բացի դա, նշված հավաքի՝ իրազեկման մեջ նշված եղանակով անցկացումը իրական սպառնալիք է ստեղծում հանրության բարոյականության համար, իսկ հասարակական կարգի պահպանման տեսանկյունից՝ լի է հակառակ ուղղվածությամբ կարծիք արտահայտող մեծաքանակ անձանց հետ բախումների վտանգով»։
«Ա1+»-ի հետ զրույցում Արայիկ Պապիկյանը նշեց, որ ոստիկանության կողմից վերը նշված մտքերը և գնահատողական դատողություները ներկայացվել են մերկապարանոց և չհիմնավորված ձևով։
«Որոշման հիմքում դրված ոստիկանության առաջարկը որեւէ քննդատության չի կարող դիմանալ։ Այն վերացական է, որեւէ ապացույցով չամրապնդված, հիմնազուրկ դիրքորոշում է, որն ինքնին չի կարող հիմնավոր եւ բավարար լինել անձի հիմնարար իրավունքը սահմանափակելու համար»,- ասում է Արայիկ Պապիկյանը եւ հավելում, թե մնում է գուշակությամբ հասկանալ թե՝ ինչ նկատի ունի ոստիկանության ծառայողը երբ նշում է՝ «հակառակ ուղղվածությամբ կարծիք արտահայտող մեծաքանակ անձանց հետ բախումների վտանգ»-ը։
Վարչական դատարանը եռօրյա ժամկետում պետք է դատական նիստ հրավիրի եւ որոշում կայացնի։