Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԿԵՂԵՑԻ
A A
Հասարակություն

Խաչը, մահվան գործիք հանդիսանալով, հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ․ Խաչվերաց է

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ Սուրբ Խաչի գլխավոր և եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը:

Ըստ qahana.am-ի՝ Խաչվերացի տոնն ամբողջական ձևակերպմամբ կոչվում է Տօն Վերացման Սրբոյ Խաչին (Սուրբ Խաչի Բարձրացման Տոն)։ Այս տոնը սահմանել է Սուրբ Հակոբոս Առաքյալը առաջին դարում, երբ Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, Սուրբ Պետրոս Առաքյալին լսելով և հավատալով Քրիստոսին, գալիս է Հռոմից Երուսաղեմ և գտնում է Երուսաղեմն ու քրիստոնյաներին հալածված, Տիրոջ խաչափայտն անարգված և Գողգոթայից ոչ հեռու աղբով ծածկված։ Նա «կայսերական իշխանությամբ» հրամայում է հանել Խաչը և հանձնել քրիստոնյաներին։ 

Սուրբ Հակոբոս Առաքյալը, ով այդ ժամանակ Երուսաղեմի եպիսկոպոսն էր, վերցնում է Խաչը և հավաքված ժողովրդի առջև բարձրացնում՝ սահմանելով, որ պետք է ամեն տարի կատարվի Սուրբ Խաչի Բարձրացման հիշատակը։ Այս տոնը մեծ տոն է, որովհետև Խաչափայտը և, առհասարակ, Խաչի նշանը կապված է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի կատարած փրկագործության հետ, որը քրիստոնեության հիմքն է։

Խաչը, մահվան գործիք հանդիսանալով, հաստատեց Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Այն քրիստոնյայի համար դարձավ օրինակ սիրո և զոհաբերության։