Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Ա
A A
Հասարակություն

Ձեր իմաստուն խոսքով ու գործով միշտ եղել եք Արցախի կողքին․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արամ Ա կաթողիկոսին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին։

Ուղերձում ասված է․

«Վեհափառ Տեր,  

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի խորոց սրտի շնորհավորում եմ Ձեզ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Արցախում մեծ ուրախությամբ ու ակնածանքով ընդունեցինք այդ բաղձալի լուրը և վստահ ենք, որ Ե.Հ.Խ. կենտրոնական և գործադիր վարչությունների ատենապետի պաշտոնում ծավալած Ձեր երկարամյա բեղմնավոր գործունեությունը, հարուստ փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն միջեկեղեցական կապերի խորացմանն ու զարգացմանը, հոգևոր և մարդասիրական արժեքների տարածմանն ու ամրապնդմանը, խաղաղության ու համերաշխության հաստատմանը համայն աշխարհում: Թող ամենազոր Աստված պահապան լինի Ձեզ՝ Ձեր աստվածահաճո ու կարևոր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:

Ձեր իմաստուն խոսքով ու գործով Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, ըստ ամենայնի սատարել ու նեցուկ եք եղել մեր հավատավոր ժողովրդին, ինչի համար անչափ շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Մեկ անգամ ևս ընդունեք, խնդրեմ, մեր ջերմագին շնորհավորանքներն ու անկեղծ բարեմաղթանքները: Խաղաղություն, արևշատություն ու ամենայն բարիք Ձեզ, մեր Հայրենիքին ու ժողովրդին»: