Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղարագյոզյան
A A
Հասարակություն

Խոշտանգման գործով առաջին դատավճիռը ուժի մեջ մտավ

Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել։ Դատարանը հաստատել է, որ 2018թ․ մարտի 16-ին «Նուբարաշեն»-ում ՔԿՀ-ում  կատարած արարքի համար պատժելու նպատակով մի խումբ անձանց կազմում Արմեն Հովհաննիսյանը  խոշտանգել է Արմեն Աղաջանյանին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչից հետո մի խումբ պաշտոնատար անձանց հետ կատարել է պաշտոնեական կեղծիք։

«Կարելի է ասել, որ Հայաստանի պատմության մեջ ունենք  խոշտանգման դեպքով առաջին  դատավճիռը, երբ օրինական ուժի մեջ է մտել»,- «Ա1+»-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը։

   Փաստաբանը սա պատմական որոշում է համարում։ Հիշեցնենք, որ  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը որոշում է կայացրել մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Արմեն Հովհաննիսյանին առաջադրված խոշտանգման հոդվածը վերաորակել՝ որպես լիազորությունների անցում։ Հենց դատարանի դահլիճից  Արմեն Հովհաննիսյանն ազատ էր արձակվել, Վերաքննիչ  դատարանն էլ մերժել էր դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը։  

«Այստեղ կարեւոր են այն դատավորները, որոնք այդպիսի որոշումներ էին կայացրել՝ Դավիթ Բալայան, Նարինե Հովակիմյան։  Պետությունը պետք է  քննարկի  նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

  Իսկ ահա Վճռաբեկ դատարանը գործը ընդունել էր վարույթ եւ ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։

 Վերաքննիչ դատարանը՝ Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, Արմեն Հովհաննիսյանին դատապարտել էր 7 տարի վեց ամսվա ազատազրկման՝ խոշտանգման հոդվածով։ Իսկ պաշտպանի բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չէր ընդունել։

 Խմբի կազմի երկրորդ մեղադրյալի գործն էլ դեռ առաջին ատյանում է։  Արա Ղարագյոզյանը հույս ունի, որ երկրորդ ամբաստանյալը ես  պատասխանատվության կենթարկվի։

   Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանն առաջին անգամ գնահատել է, թե որն է խոշտանգումը․ «Այս նախադեպային որոշումը պետք է կիրառվի նմանատիպ այլ այլ գործերի վրա»,- եզրափակեց Արա Ղարագյոզյանը։