Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց
A A
Հասարակություն

Սանիտարական պայմանները բացակայում են Հայաստանի բուժհաստատությունների 19 տոկոսում․զեկույց

Նոր համաշխարհային տվյալները ցույց են տալիս, որ հիվանդների և առողջապահության ոլորտի աշխատողների համար առկա է հիվանդությունների և վարակների փոխանցման վտանգ։

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Համատեղ մշտադիտարկման ծրագրի (ՀՄԾ) ամենավերջին զեկույցի համաձայն՝ աշխարհի առողջապահական հաստատությունների կեսում՝ թե՛ հիվանդասենյակներում, թե՛ այդ հաստատությունների զուգարաններում, չկան հիգիենայի պայմաններ՝ ջրով և օճառով կամ ալկոհոլ պարունակող նյութերով ձեռքերը մաքրելու տարրական հարմարություններ: Այդ հաստատություններից օգտվում է շուրջ 3,85 միլիարդ մարդ, ինչը նրանց դնում է վարակվելու ավելի մեծ վտանգի տակ։ Ընդ որում՝ այդ մարդկանցից 688 միլիոնը բուժօգնություն է ստանում այնպիսի հաստատություններում, որտեղ ընդհանրապես չկան հիգիենայի պայմաններ։

Ջրամատակարարման և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը տարբերվում է ըստ տարածաշրջանի և ըստ երկրի եկամուտի.

Ամենաքիչ զարգացած երկրներում առողջապահական հաստատությունների միայն 53%-ն ունեն շենքի տարածքում գտնվող անվտանգ ջրի աղբյուր: Համեմատության համար նշենք` համաշխարհային ցուցանիշը 78% է, ընդ որում, հիվանդանոցներն այս առումով ավելի լավ վիճակում են գտնվում (88%), քան ավելի փոքր առողջապահական հաստատությունները (77%), մինչդեռ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի երկրների համար այս ցուցանիշը 90% է։ Իմիջիայլոց, քաղաքային շրջանների առողջապահական հաստատությունների շուրջ 3%-ը, իսկ գյուղական շրջանների առողջապահական հաստատությունների 11%-ը չունեն ջրամատակարարման ծառայություն։

Աշխարհում ամեն 10 առողջապահական հաստատություններից 1-ում սանիտարական պայմաններ չկան: Սանիտարական ծառայություններ չունեցող առողջապահական հաստատությունների համամասնությունը տատանվել է 3%-ից (Լատինական Ամերիկա, Կարիբյան ավազանի և Արևելյան ու Հարավարևելյան Ասիայի երկրներ) մինչև 22% տոկոսի (Ենթասահարյան Աֆրիկա) միջակայքում: Ամենաքիչ զարգացած երկրներում յուրաքանչյուր 5 առողջապահական հաստատությունից միայն 1-ն է (21%) ունեցել տարրական սանիտարական պայմաններ:

Իրավիճակը Հայաստանում այսպիսինն է․

Տվյալները հիմնված են Հայաստանում 118 ստացիոնար բուժհաստատությունների և ատամնաբուժական կենտրոնների (ոլորտի հաստատությունների 60 տոկոսը) շրջանում 2017թ. հոկտեմբերից 2018թ. փետրվար ամիսներին արված մշտադիտարկման վրա:

Առողջապահական հաստատությունների 97 տոկոսը ունի հոսող ջրի մատակարարում և առողջապահական թափոնների անվտանգ աղբահանության համակարգ:

Առողջապահական հաստատությունների միայն 69 տոկոսը ունեն հիգիենայի պայմաններ՝ զուգարաններից մինչև հինգ մետր հեռավորության վրա գտնվող հոսող ջրով և օճառով տարրական հարմարություն:

Սանիտարական պայմանները բացակայում են հաստատությունների 19 տոկոսում:

Զեկույցը հրապարակվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Ջրի համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ընթացող համաժողովին: Ամենամյա համաժողովը, որը տևում է օգոստոսի 23-ից սեպտեմբերի 1-ը, ուղղված է մարդկության ամենամեծ մարտահրավերներին դիմակայելու նոր ուղիների որոնմանը՝ պարենային անվտանգությունից և առողջապահության հասանելիությունից մինչև գյուղատնտեսություն, տեխնոլոգիաներ, կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն: