Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ են հայտնաբերել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։
«Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում է վայրի տանձենիների հարուստ տեսակային բազմազանությամբ: Այստեղ իրականացվել է հազվագյուտ և անհետացող տանձենիների ուսումնասիրություն։ Եղեգիս գետի կիրճում՝ Վարդահովիտ գյուղի շրջակայքում, հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ։ Հավաքվել է հերբարիումի նյութ, ուսումնասիրվել են ներտեսակային փոփոխականության առանձնահատկությունները՝ օգտագործելով տերևների, ծաղիկների, պտուղների կառուցվածքի մորֆոլոգիական առանձնահատկությունները», - ասաց ուսումնասիրությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի կուրատոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը:
Նա նշեց, որ վայրի տանձենիների (Pyrus L.) ուսումնասիրությունը Բուսաբանության ինստիտուտի գիտական առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Հայաստանը Pyrus L. ցեղի հարուստ բազմազանության կենտրոնն է։ «Երևանի բուսաբանական այգում վայրի տանձենիների հավաքածուն ունի գիտական, բնապահպանական և կրթական արժեք։ Այժմ մեր հավաքածուն ներառում է 20 տեսակ,,- ասաց Ժանետա Հակոբյանը,՝ թվելով դրանք՝ P. caucasica Fed., Pyrus browiczii Mulk., P. caucasica Fed., P. communis L., P. daralaghezii Mulk., P. elata Rubtzov, P. fedorovii Kuth., P. georgica Kuth., P. gergerana Gladkova, P. hyrcana Fed. var. yeghegisii Akopian, P. medvedevii Rubtzov, P. megrica Gladkova, P. oxyprion Woronow, P. pseudosyriaca Gladkova, P. sosnovskyi Fed., P. syriaca Pall., P. takhtadzhianii Fed., P. tamamschjanae Fed., P. theodorovii Mulk., P. turcomanica Maleev, P. zangezura Maleev»: Հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակվել է հոդված՝ Akopian J. A. 2021. A new variety of Pyrus hyrcana Fed. (Rosaceae) from Vayots Dzor province of Armenia // Takhtajania, 7: 4-11 (in English). https://takhtajania.am. Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։
«Հոդվածը տեղադրվել է Researchgate-ում, ստացել առաջարկություններ օտարերկրյա հետազոտողների կողմից և մեջբերվել նրանց կողմից»,- ասաց Ժանետա Հակոբյանը: Հետազոտությունն իրականացվել է BGCI/ArbNet-ի և Arnold Arboretum գործընկեր կազմակերպության (ԱՄՆ, Բոստոն) աջակցությամբ՝ «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին