Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 19-ը օգոստոսի․ « Մի ավտոբուս ենք նստում, պրյամոյ քինամ Քոչարյանի կաբինետը մտնեմ»․ գետաշենցիներ (տեսանյութ)

1997-ի օգոստոսի 18-ի երեկոյան վերաբացվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ Այստեղ անցկացվում  է «Մեր Երեւանը» փառատոնը:

1997-ի օգոստոսի 19-ին Հելսինկայն ասոցիացիայի   նախագահն ասում է, որ Հայաստանի ամեն անօրինականության հետեւում երկրապահներն են։ Վանաձորի ջոկատը 1997-ի հուլիսին զինվորական համազգեստներով ներխուժել է  կառույցի  Մարդու իրավունքների գրադարան եւ բռնագրավել տարածքը։ Ոստիկանությունը որեւէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։

1997-ի այս օրը նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդունում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովին , որի հետ քննարկում է հայ-ռուսական հարաբերությունների եւ աղետի գոտու վերականգնման հետ կապված հարցեր։ Երեւանյան լճի բնակիչները 1997-ի այս օրը դժգոհում են լճի աղտոտման մակարդակից  ։Ջրային կառույցների վարչությունում չեն բացառում, որ աղտոտման պատճառը Գետառի ջուրն է, իսկ դա մաքրել հնարավոր չէ։ Լճի մեջ են թափվում  կոյուղաջրեր, մեռնում է կենդանական աշխարհը:

1998-ի օգոստոսի 19-ին հայտնի է դառնում, որ ստորագրվել են Անի եւ Արմենիա հյուրանոցների սեփականաշնորհման պայմանագրերը։Արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանն ավետում է, որ Արմենիան հայեր են գնել։ Պետությունը վաճառել է իր 80 տոկոսն 8 միլիոն դոլարով։ Անին վաճառվում է 4 միլիոն դոլար 10 միլիոն դոլար ներդնելու պայմանով։ 91 թվականին Գետաշենից բռնագաղթվածները դժգոհում են, որ Աբովյանի գյուղերից մեկում ապրում են առանց տարրական պայմանների՝ աղետի գոտուց բերված տնակների մեջ ։Նրանց համբերության բաժակը լցվել է տնակներից մեկում տեղի ունեցած հրդեհից հետո, ջուր չկար, որ կրակի դեմն առնեն, ինչպես նաեւ՝ հեռախոս, որ զանգեին հրշեջ ծառայություն: Այս գեղեցկուհիներն ապագա զինվորներ չեն։ «Միսս ուսանողուհի» մրցույթի մասնակիցներն են, որոնք 2000-ի օգոստոսի 19-ին շարային քայլքով մտնում են Կոմիտասի պանթեոն այնտեղ կարգի բերելու։ Պանթեոնն աղջիկների խնամքի առաջին գերեզմանոցը չի լինի։  Հաջորդը  լինելու է  Եռաբլուրը։  Ի դեպ, գեղեցկուհիների ուշադրության թիրախում կլինի Թոխմախի գերեզմանոցն է։

2000-ի այս օրը Հայաստանի պետական նոտարական գրասենյակի արխիվը հայտնվում է կրակի բերանում ։ Հրշեջներն անզոր են, մոտ 10 րոպե արխիվը ծխում էր եւ դա որեւէ մեկին հետաքրքիր չէր: «Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին գնդակահարելուց հետո Ռոբերտ Քոչարյանն զբաղված է մեդալներ բաժանելով»,-2001-ի այս օրը թալինցիներին հավատացնում է Ազգային համաձայնության ճակատի անդամներից մեկը ։ Ճակատի գաղափարախոս Աշոտ Մանուչարյանը թալինցիներին խոստանում է թեժ աշուն: Փախստական Նախշուն Խաջոյանը 2001-ի այս օրը սպառնում է շղթաներով Գլխավոր դատախազության դռանը կապված մորը՝ Աշխեն Խաջոյանին, թողնել մուտքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ Վարդենիսի գյուղերից մեկի իրենց կողոպտված տան վնասը չեն փոխհատուցել, մեղավորներին էլ չեն հայտնաբերել ։Մինչ դատախազի տեղակալը նրան ընդունում է, խոստանում, որ 10 օրվա ընթացքում կպատժի մեղավորներին, Նախշունի մորը համահայկական երկրորդ խաղերի մասնակիցները գումար են թողնում։ Դուստրը գոհունակությամբ վերադառնում է դատախազի տեղակալի մոտից եւ արձակում մոր անկողնու շղթաները։ Բայց խոստանում է վերադառնալ, եթե 10 օրը ոչինչ չփոխի։

2001-ի այս օրը Հայաստանում ավարտվում են մեկ շաբաթ առաջ մեկնարկած գնդային ցուցադրական զորավարժությունները ։ Ըստ ծրագրի, պայմանական հակառակորդը ճեղքել է մեր սահմանը, նրանց կասեցնում են, հարձակվում են եւ ոչնչացնում։ Զորավարժոություններին հետեւում էին մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ։ Այնտեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը 2004-ի օգոստոսի 19-ին վերահաստատում է Հայաստանի կառավարության վճռականությունը՝ ազատականացնել բջջային կապի ոլորտը, որտեղ առայժմ մենաշնորհ է վայելում «ԱրմենՏել» ընկերությունը: Դավիթ Հարությունյանի խոսքերով, կառավարության այժմ պետք է որոշի, թե քանի նոր օպերատորի մուտք է արտոնվելու հայաստանյան շուկա: Նոր օպերատորը կամ օպերատորները ընտրվելու են բացառապես միջազգային մրցույթի միջոցով։

2005-ի այս օրը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի կառավարությանն ու ընդդիմությանը՝ համաձայնության գալ Սահմանադրության բարեփոխումների խնդրի շուրջ: «Եթե Հայաստանը ձախողի սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ այո, դա հետեւանքներ կունենա Հայաստանի համար, եւ պատժամիջոցներ կիրառելու հարցի շուրջ քննարկումներ ԵԽԽՎ-ում անպայման կլինեն», - իր այցի ամփոփիչ ասուլիսում  հայտարարում է  Եվրախորհրդի Խորհրդարանական վերաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը:

2011-ի այս օրը Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է գրել Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Իր որոշումը Արզումանյանը բացատրում է այսպես. «ՀՀՇ-ի ներսում մթնոլորտը բավականին լարված է։ Կա նահանջ ազատական գաղափարախոսությունից, ՀՀՇ-ն պետք է լիներ ազատականության լոկոմոտիվը Հայաստանում»։