Չներկայացավ մրցանակաբաշխությանը
Այսօր Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցումների առաջին օրը մրցանակներ խաղարկվեցին չորս քաշային կարգերում:
55 կգ ըմբիշների մրցումներում հաղթող ճանաչվեց «Մալաթիա» ՄԱ ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը, որը եզրափակիչում հաղթեց Գեղամ Բաբախանյանին: Բրոնզե մեդալներին արժանացան բանակային մարզիկ Օհան Գիքինյանը եւ Երվանդ Թադեւոսյանը:
74 կգ քաշայինների մեջ առաջին տեղը զբաղեցրեց Մուսա Մուրթազալիեւը, որը վճռական մենամարտում առավելության հասավ Սուրեն Մարկոսյանի նկատմամբ: Երրորդ տեղը զբաղեցրին Վարուժան Կոջոյանն ու Հայկ Կարապետյանը:
84 կգ ըմբիշների մրցումներում ոսկե մեդալը խաղարկեցին Հայաստանի հավաքականի անդամներ Վադիմ Լալիեւն ու Հաջիմուրադ Մագոմեդովը: Լարված պայքարում միավորներով ի վերջո հաղթեց Հաջիմուրադ Մագոմեդովը: Բրոնզե մեդալներին տիրեցին Ռոբերտ Լենդրուշյանն ու Աշոտ Աշոտյանը:
Վերջինը մրցասպարեզ մտան 120 կգ քաշայինները: Հայաստանի հավաքականի անդամ Ռուսլան Բասիեւը եզրափակիչում հաղթեց Հարություն Դիլբարյանին եւ երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի կոչումը: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին բարձրացան արցախցի Արման Գուլյանը եւ Համլետ Աբրահամյանը:
Ի դեպ, ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ մեդալների հանձման արարողության ժամանակ: 84 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր Վադիմ Լալիեւն այդպես էլ չներկայացավ մրցանակաբաշխությանը, իսկ 120 կգ քաշային կարգում առաջին երկու տեղերը գրաված մարզիկները ուշացումով բեմ բարձրացան, քանի որ չէին հասցրել զգեստափոխվել (նրանք վերջինն էին ավարտել իրենց գոտեմարտը եւ դեռեւս ... լոգանք էին ընդունում):