Տրամաբանական ավարտ
Երեւանի «Կիլիկիան» հավանաբար չի մասնակցի ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի բարձրագույն խմբի առաջնությանը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, ակումբը նամակ է ներկայացրել ֆեդերացիա եւ հայտնել, որ թիմը լուծարվում է, ուստի չի կարող մասնակցել առաջնությանը:
Նշենք, որ ՀՖՖ-ն առայժմ ընթացք չի տվել այդ նամակին եւ որեւէ որոշում չի կայացրել, իսկ «Կիլիկիա» ակումբն իր հերթին պաշտոնական հայտարարություն չի կատարել: Սակայն արդեն պարզից էլ պարզ է, որ ակումբի ղեկավարությունն այլեւս չի ցանկանում պահել թիմը: Դա նկատվեց դեռեւս անցած տարվա առաջնության ժամանակ, երբ թիմը պարզապես չմեկնեց Կապան եւ չներկայացավ «Գանձասարի» հետ խաղին, ինչը հարիր չէ պրոֆեսիոնալ ակումբի համար:
Նշենք, որ «Կիլիկիան» ընդամենը 12 տարվա պատմություն ունի: Ի դեպ, 1999 թվականին այն բարձրագույն խմբում փոխարինել էր կազմալուծված Երեւանի «Փյունիկին»: Իր կարճատեւ պատմության ընթացքում թիմը որեւէ հաջողության չի հասել, մշտապես տեղ է զբաղեցրել աղյուսակի ստորին հորիզոնականներում: