Լիոնել Մեսին տուգանվեց
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին 2000 եվրո տուգանք կվճարի այն բանի համար, որ ... շնորհավորել է իր մոր ծննդյան օրը:
Իսպանիայի առաջնության «Սանտանդերի» հետ խաղին արգենտինացի ֆուտբոլիստը գոլ խփելուց հետո բարձրացրել է մարզաշապիկը եւ ցույց տվել հատուկ պատրաստված մեկ այլ մարզաշապիկ, որի վրա գրված է եղել. «Շնորհավոր ծնունդդ, մայրիկ»:
Իսպանիայի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի կանոնակարգով ֆուտբոլիստները խաղի ժամանակ իրավունք չունեն մարզաշապիկի տակից կրել գովազդող կամ որեւէ կոչ անող այլ մարզաշապիկ:
Սա առաջին դեպքը չէ, որ Իսպանիայում ֆուտբոլիստները դիմում են նման հնարքի: Մասնավորապես` 2009 թվականին «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Կայեխոնը այդ եղանակով հարգել էր իր վաղամեռիկ խաղընկերոջ` Դանի Խարկեի հիշատակը: Նա տուգանվել էր 3000 եվրոյով, սակայն ակումբի բողոքարկումից հետո պրոֆեսիոնալ լիգան վերանայել էր իր որոշումը եւ չեղյալ համարել տուգանքը: