Գումարը մնացել է նույնը
«2010 թվականին մեր ամենահաջողված ծրագիրը ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն էր: Այդ իսկ պատճառով մենք պլանավորել ենք այս տարի եռապատկել մասնակիցների քանակը եւ այն հասցնել մոտ 1000 ընտանիքի» - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նշել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:
Դա նշանակում է, որ նախարարությունը այդ ծրագրի վրա այս տարի ավելի մեծ գումարներ կծախսի, քան 2010-ին: Սակայն ուշագրավն այն է, որ Հայաստանի կառավարությունը 2011 թվականին սպորտին տրամադրել է նույնքան գումար, որքան անցած տարի` 4 մլրդ դրամ:
«Եթե համեմատենք մեր հարեւան Վրաստանի հետ, ապա այդ գումարը 5-6 անգամ քիչ է: Ցավոք, մեր ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են» - խոստովանեց Արթուր Պետրոսյանը:
Նա նաեւ նշեց, որ նախարարությունը մշակել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման ֆինանսավորման նոր հայեցակարգ: Ըստ դրա հանրապետության սպորտային կազմակերպություններին գումարները կտրամադրվեն ելնելով դրանց ցույց տված արդյունքներից եւ ունեցած նվաճումներից: Մասնավորապես` ծանրամարտի ֆեդերացիան այս տարի պետությունից կստանա 170 մլն դրամ, քանի որ մեր ծանրորդները 2010 թ հաջող են հանդես եկել միջազգային մրցումներում:
Ընդհանուր առմամբ պետությունը գումարներ կտրամադրի 31 սպորտային ֆեդերացիաներին: Ինչ վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որը կրկին բացակայում է այդ ցանկում, ապա նախարարի խոսքերով ՀՖՖ-ն առանձին է ֆինանսավորվում պետության կողմից: