Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռյակը դարձավ քառյակ

Սպորտ
3cbd3b4d0a0544fc6b8a53a41f8a18c5

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 71-րդ առաջնության 7-րդ տուրից հետո առաջատարների թիվը երեքից հասավ չորսի:
Նախ Զավեն Անդրիասյանը սպիտակներով հաղթեց Տիգրան Պետրոսյանին եւ վաստակած միավորներով (4,5) առաջ անցավ երեք առաջատարներից` Հրանտ Մելքումյանից, Ռոբերտ Հովհաննիսյանից եւ Սամվել Տեր-Սահակյանից:

Առաջինը սպիտակներով պարտվեց Արման Փաշիկյանին եւ ետ մնաց: Այս հաղթանակը վերջինիս հնարավորություն տվեց հավասարվելու Զավեն Անդրիասյանին:

Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը մրցեցին հենց իրար հետ: Առաջատարների հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում: Վերջում ստեղծվեց անչափ հետաքրքիր իրավիճակ. սեւերով հանդես եկող Ռոբերտ Հովհաննիսյանը, չնայած դիրքային առավելությանը, ստիպված էր կրկնել քայլերը, որպեսզի տանուլ չտա պարտիան, քանի որ հապաղելու դեպքում Սամվել Տեր-Սահակյանը երկու քայլից հետո մատ էր հայտարարելու: Այդպիսով, նրանք նույնպես վաստակեցին 4,5-ական միավոր:

Առաջատար քառյակից կես միավոր քիչ ունեն Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը: Վերջինս երկարատեւ պայքարում ոչ-ոքի խաղաց մրցաշարի ամենատարեց մասնակցի` Աշոտ Անաստասյանի հետ:

Կարեւոր հաղթանակ տարավ Արտաշես Մինասյանը, ով սեւերով գեղեցիկ ոճով պարտության մատնեց Արա Մինասյանին: Նրանք, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանը, իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր:

Վաղը տեղի կունենան 8-րդ տուրի պարտիաները: Այն կսկսվի ժամը 15:00-ին: