Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_Photo 2
A A
Հասարակություն

Մասրիկ և Սոտք ջրհավաք ավազանը գոտիավորվել է՝ ըստ բնապահպանական ռիսկի

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից վերջին տարիների ընթացքում պարբերաբար իրականացվել է Սևանա լիճ թափվող Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում հիդրոքիմիական, հիդրոէկոլոգիական հետազոտություն:

Արդյունքում՝  Մասրիկ և Սոտք գետերի ջրում  հայտնաբերվել է սուլֆատ իոնի բարձր կոնցենտրացիաների առկայություն, Ֆոսֆատներով, նիտրատներով աղտոտվածության  ցուցանիշներ, ինչպես նաև քրոմի զգալի քանակ: Ուսումնասիրությունները կատարվել են ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարինե Նալբանդյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականների մասնակցությամբ: Ուսումնասիրություները հիմնվել են հատուկ նմուշառման կետերի համակարգի հետազոտական մոնիտորինգի վրա:

«Նիտրատներով ու ֆոսֆատներով գետերի աղտոտվածությունն արդեն «պարարտ հող» է գետում ջրիմուռների ձևավորման համար: Ուսումնասիրության գիտական նշանակությունն այն է, որ մաքրման միջոցառումների բացակայության պայմաններում շարունակական աղտոտումը հանգեցնում է գետային էկոհամակարգի էկոլոգիական դեգրադացման»,- հայտնել է Մարինե Նալբանդյանը:

 2020-2021 թվականներին իրականացրել են Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում բնապահպանական ռիսկի գնահատման ու, ըստ ռիսկերի չափի, գոտիների քարտեզագրման ուսումնասիրություն: Դրա յուրահատկությունն այն է, որ բացի ռիսկի էկոլոգիական գործոններից հաշվի առնվեց նաև բնակչության խտությունը:

  « Ավազանը բաժանվեց, ըստ ռիսկի, 3 գոտու: Գոտիավորումն իրականացվել է գետի ակունքից դեպի գետաբերան: Առաջին գոտին Սոտք գետի հիմնական հատվածն է, որտեղ հանքարդյունաբերության ազդեցության գործակիցն առաջնային է, բայց այն ռիսկի գնահատման առումով 2-րդ տեղում է: Մյուս գոտին ընդգրկում է ջրավաք ավազանի միջին հատվածը, որտեղ գյուղատնտեսության ազդեցությունն է գերակշռում: Այստեղ  բնապահպանական ռիսկի չափը համեմատական մոտեցմամբ ամենաթույլն է: Երրորդ գոտին հարում է լճին, որտեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ բնակավայրեր: Այն ունի ամենաբարձր բնապահպանական ռիսկը, որը պայմանավորված է բնակչության խտությամբ և  կոմունալ-կենցաղային հոսքերով Մասրիկ գետի աղտոտմամբ»,- ասաց Մարինե Նալբանդյանը:

Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում  նաեւ ուսումնասիրվել է ծանր մետաղների շարժը հող-ջուր-բույս համակարգում:

 Այս մասին հայտնում է  ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։