Զանգ Անգոլայից
Անգոլայի փոխչեմպիոն «Պրիմեյրո դե Ագոստո» թիմի գլխավոր մարզիչ, սերբ մասնագետ Լյուբինկո Դրուլովիչը, բուլղարական «Մոնտանայի» 23-ամյա կիսապաշտպան Դանիել Գաջեւին ձեռք բերելու համար հատուկ զանգահարել է Երեւանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկուն` խորհրդակցելու համար: Ինչպես նշում են բուլղարական լրատվամիջոցները, մակեդոնացի մասնագետը իր գործընկերոջը խորհուրդ է տվել միանշանակ հրավիրել իր նախկին սանին, քանի որ նա բավականին հեռանկարային ֆուտբոլիստ է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի «Բանանցը» հունվարի 16-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում: Մեր թիմն արդեն մեկ ստուգողական հանդիպում է խաղացել: «Բանանցը» ուժերը չափել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որի կազմում հանդես են գալիս թիմի նախկին ֆուտբոլիստներ Արարատ Առաքելյանն ու Արտակ Դաշյանը: Հանդիպումն ավարտվեց ուկրաինական թիմի հաղթանակով` 3:0: Հաջորդ ընկերական խաղը մեր թիմը կանցկացնի հունվարի 26-ին, ռումինական «Ունիրեայի» հետ:
Ի դեպ, «Բանանցը» հրաժարվել է իր երկու լեգեոնականների ծառայություններից: Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, ուգանդացի կիսապաշտպան Նոա Կասուլեն տեղափոխվել է Կապանի «Գանձասար», իսկ նիգերիացի Դենիրան Օրտեգան ներկայումս փորձաշրջան է անցնում Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող «Ամկարի» կազմում: Միաժամանակ «Բանանց» է վերադարձել բուլղարացի պաշտպան Նիկոլայ Նիկոլովը, իսկ մեկ սերբ պաշտպան փորձաշրջան է անցնում: