Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնին հաղթել չհաջողվեց

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Վեյք Ան Զեեի սուպերմրցաշարի 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ:

Իսպանական սկզբնախաղում մեր գրոսմայստերը ակտիվ սկսեց եւ թագուհով գրոհ կազմակերպեց մրցակցի թագավորական թեւում: Աշխարհի չեմպիոնը անսխալ պաշտպանվեց, իսկ հետո նույնիսկ նյութական առավելություն ստացավ` շահելով մեկ զինվոր: Սակայն 34-րդ քայլին կողմերը գնահատելով ստեղծված դիրքը, հաշտություն կնքեցին:

Դա մրցաշարում հայ շախմատիստի 6-րդ ոչ-ոքին էր: Ութ տուրից հետո Լեւոն Արոնյանը 5 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Վլադիմիր Կրամնիկի եւ Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:

Աղյուսակը գլխավորում են Վիշվանաթան Անանդը եւ Հիկարու Նակամուրան, որոնք վաստակել են 5,5-ական միավոր: Վերջինը առաջին պարտությունը կրեց մրցաշարում` սեւերով զիջելով Մագնուս Կառլսենին:

B խմբի մրցաշարում մեր շախմատիստ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց առաջատարներից մեկի` անգլիացի գրոսմայստեր Լյուկ Մակշեյնի հետ: Նա Արոնյանի նման նույնպես վաստակել է 5 միավոր եւ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Ութ տուրից հետո այս խմբի աղյուսակը սկսեց գլխավորել Ուեսլի Սոն, որը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի: