«Ուլիսը» կմեկնի Վրաստան
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի թիմերը շարունակում են նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Նրանցից մի քանիսն արդեն ուսումնամարզական հավաք են անցկացնում արտասահմանյան երկրներում: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկը» եւ Դիլիջանի «Իմպուլսն» այժմ գտվում են Սոչիում, իսկ փոխչեմպիոն «Բանանցը»` Անթալիայում:
Անցած տարվա բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիսը» առաջիկա կիրակի կմեկնի Ուռեկի, որտեղ կանցկացնի 10-օրյա ուսհավաք: Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց թիմի պետ Գագիկ Գալստյանը, Վրաստանում «Ուլիսը» կանցկացնի երկու ստուգողական հանդիպում. «Արտասահմանյան երկրորդ ուսհավաքը կանցկացնենք Անթալիայում, փետրվարի 10-24-ը: Դրա ընթացքում մարզիչները արդեն նախատեսել են 4 ընկերական հանդիպում»:
«Ուլիսը» նոր մրցաշրջանից առաջ լուրջ ձեռքբերումներ է կատարել: Ակումբը 1+1 տարբերակով պայմանագիր է կնքել հայ ֆուտբոլասերներին քաջ հայտնի բրազիլացի կիսապաշտպան Ռենատոյի հետ, ով ժամանակին հանդես է եկել Երեւանի «Արարատում»: Հարազատ թիմ են վերադարձել զինծառայությունը ավարտած Արտավազդ Բոյաջյանն ու Գեղամ Հարությունյանը, վրացի լեգեոնական Լեւան Ակոբիան: Ակումբը պայմանագրեր է կնքել նաեւ նախկին փյունիկցիներ Միհրան Մանասյանի, Ալբերտ Թադեւոսյանի, Արման Մինասյանի («Իմպուլս») եւ Վիգեն Համբարձումյանի («Միկա») հետ:
«Համալրման գործընթացը դեռ շարունակվում է: Հավաքների ժամանակ կփորձարկենք եւս մի քանի ֆուտբոլիստների, հիմնականում` հարձակվողների, քանի որ թիմի մարզիչները ցանկանում են ավելի ուժեղացնել հենց առջեւի գիծը» - ասաց Գագիկ Գալստյանը: