Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evrogavat (4)
A A
Սպորտ

Եվրագավաթային կրքեր հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղերից հետո արդեն մի շարք երկրներ կորցրին իրենց բոլոր մասնակիցներին:

 

Դա նախևառաջ ֆուտբոլային «գաճաճ» երկրներն են` Սան Մարինոն, Անդորան և Ջիբրալթարը, որոնց երեքական ներկայացուցիչները չկարողացան հաղթահարել 2-րդ փուլի արգելքը: Ինչ վերաբերում է մյուս «փոքր» երկրներին, ապա Լիխտենշտայնը դեռևս պահպանում է իր միակ ներկայացուցչին, իսկ Ֆարերյան կղզիներն ընդհանրապես երկու մասնակից ունեն որակավորման 3-րդ փուլում:

 

Եվրագավաթներում բոլորից շատ կորուստներ կրել են Ալբանիան ու Վրաստանը, որոնց բոլոր չորս թիմերը դուրս են մնացել պայքարից: Երեքական ակումբներ են կորցրել նաև Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Հայաստանը, Լյուքսեմբուրգը, Լիտվան, Բելառուսը, Բոսնիան, Կոսովոն, Սլովենիան: Սակայն, մենք և Լիտվան նվազագույնը մասնակից կունենանք լիգաներից մեկում, իսկ ահա մյուսները կարող են զրկվել նաև իրենց վերջին մասնակցից:

 

Եվրագավաթային առաջին երկու փուլից հետո կորուստներ չեն կրել 9 երկրներ` Նիդեռլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Դանիան, Ավստրիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Ռումինիան և Թուրքիան: Իսկ ահա առաջատար 10 երկրներից թիմ կորցրել է միայն Շոտլանդիան: Առաջատար հինգ երկրները` Անգլիան, Իսպանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան, դեռևս չեն սկսել պայքարն որակավորման փուլում:

 

Եվրոպական թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստների թիմերն այս փուլում բավական անհաջող հանդես եկան: Տիգրան Բարսեղյանի «Սլովանը» սեփական դաշտում 1:4 հաշվով պարտվեց «Ֆերենցվարոշին» և տեղափոխվեց Եվրոպայի լիգա: Սլովակյան ակումբի հաջորդ մրցակիցը հունական «Օլիմպիակոսն» է:

 

Վահան Բիչախչյանի «Պոգոնը» 0:4 հաշվով պարտվեց դանիական «Բրոնդբյուին» և ավարտեց ելույթները: Պայքարից դուրս մնաց նաև Կամո Հովհաննիսյանի թիմը` «Աստանան», որը զիջեց լեհական «Ռակով»-ին` 0:5, 0:1:

 

Հենրիխ Մխիթարյանի թիմը` «Ինտերը», միանգամից հանդես կգա չեմպիոնների լիգայի խմբային փուլում, իսկ Սարգիս Ադամյանի նոր թիմը` «Քյոլնը», պայքարը կսկսի Կոնֆերենիցաների լիգայի փլեյ-օֆֆից: Գերմանական ակումբի հավանական մրցակիցներն են ռումինական «Սեպսին» և շվեդական «Դյուրգարդենը»:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» որակավորման 2-րդ փուլում 4:2 ընդհանուր հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» և մտել հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ: Խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին և 9-ին: