Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ավանում կկառուցվի ձուլարան. Բնակիչները դեմ են. ՈՒղիղ (տեսանյութ)

«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում  թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան կառուցելու համար, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Նախնական արտադրական հզորությունը տարեկան 900 տոննա է, պլանավորվում է ծավալները տարեցտարի մեծացնել։ Մետաղաձուլարանի արտանետումներն էապես սպառնում են Ավան վարչական շրջանի և շրջակա տարածքների էկոլոգիային և բնակչության առողջությանը։ 

Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նոր հայտ, որի երկրորդ հանրային քննարկումը նշանակված է ս.թ. հուլիսի  28-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում: Ընկերության առաջին հայտը Երևանի քաղաքապետարանը մերժել էր՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանին ուղղված՝ Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքները, հանրային լսման ժամանակ մասնակիցների արտահայտված ընդհանուր դժգոհությունը և բացասական կարծիքները: Այս նոր՝  երկրորդ հայտում ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն շրջակա միջավայրին և բնակչությանը սպառնացող վտանգն ու սպառնալիքները դրանից ամենևին չեն նվազել։ 

Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի 10 հազարից ավելի բնակիչները դեմ են իրենցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մետաղաձուլարան կառուցելուն, և «Նորավան», «Ավան 2» և մյուս բոլոր  համատիրությունները պատրաստվում են բնակիչների բողոքը,  դժգոհությունը և անհամաձայնությունը բարձրաձայնել վաղը՝ հուլիսի 28-ին տեղի ունենալիք հանրային լսումների ժամանակ՝ հույսով, որ պատկան մարմինները կմերժեն և թույլ չեն տա թունավոր արտանետումներով արտադրամասի կառուցումը բնակելի շրջանի տարածքում։ Բնակիչներն իրենց իրավունքների պաշտպանության և շրջակա միջավայրի աղտոտումն ու թունավորումը կասեցնելու հարցում վճռական են և պատրաստ պայքարի։

Հիշեցնենք, որ 2021 թ. սեպտեմբերին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից՝ գնահատման հաշվետվությունում չեն ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Հենվելով վերոնշյալ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի այս եզրակացության վրա` Երևանի քաղաքապետարանը ևս բացասական եզրակացություն էր տվել: Նույն թվականի դեկտեմբեր ամսին «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին հայտ էր ներկայացրել Ավանում ձուլարան կառուցելու համար: