Բացել լրահոսը Փակել լրահոսը
072745104679 (1)
A A
Հասարակություն

Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ժամկետը շուրջ 7 տարով երկարաձգելու համար նշանակված է վերջին քննարկումը

Սույն թվականի օգոստոսի 3-ին կկայանա «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի ՝ Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով մշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերջին՝ 4-րդ հանրային քննարկումը։ Ժամը 11:00-ին այն կանցկացվի Քաջարանի համայնքապետարանում, իսկ ժամը 14:30-ին՝ Մեղրիի համայնքապետարանում։ Ներկայացրած հաշվետվությամբ ընկերությունը մտադիր է երկարաձգել հանքավայրի արդյունահանման թույլտվության ժամկետը 6․76 տարով:

Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտակա բնակավայրերն են Տաշտուն և Լիճք գյուղերը: Բացահանքերի տակ հատկացվող տարածքը գտնվում է Լիճք և Տաշտուն գյուղերից 5 կմ դեպի հյուսիս-արևելք, Քաջարան քաղաքից` ասֆալտապատ ճանապարհով 10 կմ հեռավորության վրա: Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը հարում է Մեղրասարի ոսկու հանքավայրին, նրանց բաժանում է Մեղրու լեռնաշղթան:

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ն հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվությունը ստացել էր 2014թ-ին՝ 7․5 տարի ժամկետով, որը լրացել է 2021թ-ի հուլիսին։ Կարճ ժամանակահատված հանքի և գործարանի շահագործումից հետո՝ 2015թ-ին, աշխատանքները դադարեցվել էին: Ըստ Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կայքում հրապարակված ընկերության հաշվետվությունների՝ «Ատ-Մետալս»-ը 2016 և 2018 թթ-ին հանքը չի շահագործել, իսկ 2017թ-ին ընկերության արտադրության ծավալը կազմել է 14257 տոննա, 2019թ-ին՝ 10811 տոննա։

Մեղրասարի հանքաքարը վերամշակվում է Տաշտունի գործարանում։ Դեռևս 2021թ-ին ընկերությունը դիմել և Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է դրական եզրակացություն Տաշտունի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի համար: Ըստ այդ հայտի՝ նախատեսվում էր տարեկան վերամշակել 52 հազար տոննա հանքաքար: Ըստ արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու հաշվետվության՝ հանքավայրը կշահագործվի հաջորդաբար երեք բացահանքով: Բացահանքերի տարեկան արտադրողականությունը կկազմի 50 հազար տոննա՝ ըստ ապրանքային հանքաքարի, 45․333 տոննա՝ ըստ մարվող պաշարի:

«Բացահանքերի շահագործման ընդհանուր տևողությունը նրանց հաջորդաբար շահագործելու դեպքում կլինի 6.32 տարի: Բացի այդ, N1 և N2 բացահանքերի հատակների 2470 մ  նիշից ներքև սույն նախագծով նախատեսվում է NN 3.9 և 4 հանքային մարմինների բնամասերում մնացած հանքաքարի հաստատված պաշարների արդյունահանում ստորգետնյա եղանակով՝ ընդհանուր 21988 հազար տոննա հանքաքարի քանակով։ Այս դեպքում ստորգետնյա հանքի ծառայման ժամկետը կլինի 0.44 տարի։ Հետևաբար, Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման ընդհանուր ժամկետը կկազմի 6.76 տարի», - նշված է ընկերության հաշվետվության մեջ:

Ըստ հաշվետվության՝ հողերի ընդհանուր մակերեսը հանքավայրի շահագործման համար կազմում է 73 հեկտար։ Շինարարության և շահագործման ժամանակ հողերի օգտագործման ձևը նախատեսված է վարձակալության պայմաններով՝ 7.5 տարի ժամկետով: ՀՀ անտառային ֆոնդից հողատարածք չի վերցվում: Հաշվետվությամբ նախատեսվում է արտաքին լցակույտի վերին հարթակի և երկու բացահանքերի մշակված տարածքների ռեկուլտիվացում։  

Տարեկան 50 հազար տոննա արտադրողականության դեպքում արտանետումների ընդհանուր քանակը կկազմի 215.67 տոննա/տարի, որից 82.15 տոննա/տարի պայթեցման աշխատանքներից: Ըստ նախագծողների՝ կեղտաջրերի արտահոսքը բաց ջրային օբյեկտներ բացառվում է, իսկ գրունտային ջրերը տարածքում բացակայում են:

Ընկերությունը Մեղրասարի հանքավայրի արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատում է տարեկան ≈ 34.43 միլիոն դրամ և նշում՝ ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն: Հողային  ռեսուրսների վրա ձեռնարկության տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցությունը գնահատվում է տարեկան 518.587 միլիոն դրամ, իսկ շրջակա միջավայրի աղտոտվածությունից ընդհանուր տնտեսական վնասը՝ տարեկան 554.93 միլիոն դրամ։  

Ըստ նախագծողների՝ շահագործվող հանքի տարածքը չի առնչվում էկոլոգիապես զգայուն տարածքների հետ։ Ամենամոտ բնության հատուկ պահպանվող տարածքը «Արևիք» ազգային պարկն է, որից հանքի հեռավորությունը 14 կմ է։ Հիշեցնենք, որ դեռևս 2014թ-ին WWF-Հայաստանն ահազանգեց՝ Մեղրասարի ոսկու հանքավայրի մոտ 60 % գտնվում է «Արևիք» ազգային պարկի տարածքում։ 

Աղբյուր՝ ԷԿՈԼՈՒՐ