Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական Հասարակություն

Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները  պարզել են աստղերի արտահոսքերի մեջ դիտվող խտացումների պատճառները

Վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր  արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները  Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանի ղեկավարությամբ արդեն 15 տարի այս ուղղությամբ իրականացնում են ուսումնասիրություն` աշխարհում առաջին անգամ կիրառելով նոր մեթոդ՝ սպեկտրալ առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների հետազոտություն: «Հետազոտությունը հնարավորություն տվեց ստանալ այդ արտահոսքերի եռաչափ ընդհանուր պատկերը, որը  մեկն է տվյալ շարքի ուսումնասիրությունների շնորհիվ ստացված արդյունքներից: Ապացուցվեց, որ արտահոսքերի մեջ դիտվող խտացումներն առաջանում են պարբերական ժայթքումների, այլ ոչ ներքին ալիքային գործընթացների հետևանքով: Ստացված արդյունքները կարևորագույն նշանակություն ունեն արտահոսքերի առաջացումը և ներքին ֆիզիկան հասկանալու համար»,– ասում է  Տիգրան Մաղաքյանը:

Գիտական արդյունքը ստացվել է «Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ: Անհրաժեշտ տվյալները ստացվել են Ռուսաստանի աստղաֆիզիկական աստղադիտարանի հետ համագործակցության արդյունքում՝ 6 մետրանոց դիտակի միջոցով:

«Աստղային ուղղորդված շիթերում սկանավորող Ֆաբրի-Պերո ինտերֆերոմետրիայով առանձնացված կառուցվածքների սեփական շարժումների ուսումնասիրությունը» ծրագրի շրջանակներում  գրված գիտական աշխատանքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» եվրոպական ամսագրում: Այդ աշխատանքների հղումների թիվը 60-ից ավելի է:

Նկարների վերնագրերը.

Նկար 1. PV Cep աստղից ժայթքող արտահոսքի պատկերը՝ բարձր լուծորդությամբ

Նկար 2. FS Tau B աստղից արտանետվող հոսքում դիտվող առանձին խտացումների սեփական շարժումները

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին