Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան. հայտարարվել է մրցույթ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում (Երևանի քաղաքապետարանին հարող տարածք) նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝
մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:
Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախկինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։
Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:
Հայտերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն: