Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ukraine-Georgia-e1645011923367
A A
Հասարակություն

Թբիլիսիի քաղաքապետարանն այլևս բնակարան չի տրամադրի ուկրաինացի փախստականներին

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից մայրաքաղաքի քաղաքապետարանն այլևս բնակարան չի տրամադրի Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր Վրաստան են ժամանել ռազմական գործողությունների պատճառով։

Ըստ քաղաքապետարանի՝ Ուկրաինայի քաղաքացիները կառավարության որոշման համաձայն դրամական օգնություն կստանան։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին գործարկվել է հատուկ ծրագիր. Վրաստան մտած Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր դիմել են քաղաքապետարան բնակարանի խնդրանքով, տեղավորվել են տարբեր հյուրանոցներում՝ երեքանգամյա սնունդով։

Քաղաքապետարանի տվյալներով՝ ծրագրի շրջանակներում Թբիլիսին արդեն հյուրընկալել է ավելի քան 5 100 մարդու, որից ավելի քան 2 300-ը հանգրվանել է մայրաքաղաքի 40 հյուրանոցներում։

Նշվում է, որ այդ նպատակով բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 11 մլն լարի (մոտ 3 մլն 666 հազար 666 դոլար), իսկ մինչև ամսվա վերջ գումարը կհասնի մոտավորապես 14 մլն լարիի (մոտ 4 մլն 666 հազար 666 դոլար)։

Ըստ քաղաքապետարանի՝ Վրաստանի կառավարության 2022 թվականի հուլիսի 13-ի որոշման համաձայն՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Վրաստան մուտք գործած Ուկրաինայի քաղաքացիներն այս տարվա հուլիսի 15-ից կստանան ֆինանսական օգնություն՝ մեկ ընտանիքի համար 300 լարի (մոտ 100 դոլար), և յուրաքանչյուր անձի համար ևս 45 լարի (մոտ 15 դոլար):

Բացի սրանից, քաղաքապետարանից հայտնում են, որ միջազգային կազմակերպությունները՝ World Vision-ը և UNHCR-ը քննարկում են մեկ անձի համար 235 լարիի (մոտ 78 դոլար) օգնության փաթեթը։

Աղբյուր՝ Aliq.ge