Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզեր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Միացյալ Թագավորության (ՄԹ) դեսպան Ջոն Գալագերը 2022 թ․ հուլիսի 6-8-ն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրներն և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։
Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։
Դեսպան Գալագերը նաև հանդիպել է վճարովի աշխատանքային պրակտիկայի մասնակիցների հետ։ Այս նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել գործազուրկ անձանց, ներառյալ՝ երիտասարդ կանանց, տեղահանվածներին, վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը նպաստել է տարածաշրջանի խոցելի խմբերի աշխատունակության բարձրացմանը:
Իր հարավային շրջայցի երկրորդ օրը դեսպան Գալագերն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»՝ հանդիպելու այն ծնողների և դեռահասների հետ, ովքեր զարգացրել են իրենց հասակակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները: Նա նաև այցելել է Քարահունջի բարեկարգված ամբուլատորիա։
Իր եռօրյա այցի ընթացքում դեսպան Գալագերը նաև հնարավորություն է ունեցել ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ Վայքի մանկապարտեզում և Խոտի միջնակարգ դպրոցում տարհանման վարժանքների ցուցադրման, ինչպես նաև «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով:
Իր հարավային շրջայցի մասին դեսպանն իր թվիթերյան միկրոբլոգում գոհունակություն է հայտնել տարածաշրջանային այցից և Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորող կարևոր ծրագրերից, որոնցից, իր խոսքով՝ կշահի հայ ժողովուրդը:
«Ես անպայման կվերադառնամ այստեղ», - նշել է նա։