Պապիկյանը լավ կանի ձենը կտրի ու կողմնորոշվի․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍովորաբար մենք Պաշտպանության նախարարությանը մեր պայքարի ընթացքում թիրախ չենք դարձրել, քանի որ այն Պաշտպանության նախարարություն է։ Այսպես արձագանքեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդարանում հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկությունից, բայց երկիրը տանում է անորոշության։
«Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- ասում է Իշխան Սաղաթելյանը և հավելում, որ Սուրեն Պապիկյանը պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծմա՞մբ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։
«Եվ առհասարակ, լավ կանի ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ ՀՀ սահմանների պաշտպանությամբ, այլ ոչ թե ընդդիմությանը հաթաթա տա, հոխորտա կամ մատ թափ տա»,- ասում է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հստակեցնում է իր ասածը՝ Պաշտպանության նախարարությանը թիրախ չդարձնելու հետ կապված։
«Նման բաներ ասելուց թող չթվա իրենք անձեռնմխելի են։ Թող ձենը կտրի ու գնա զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ ընդդիմությանը հայտարարել է, որ խորհրդարան է վերադառնալու միայն իր օրակարգով։