Քանի դեռ չունենանք համապատասխան մեղադրանք, չենք կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել․ Սասնա ծռերի գործով փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սասնա ծռերի գործով երեկ տեղի ունեցած դատաքննությունից հետո մենք որոշեցինք հրատապ հրավիրել մամուլի ասուլիս, քանի որ կարծում ենք, որ սահմանադրական կարգը վտանգված է և չի պահպանվում քրեական օրենսդրության հիմնարար սկզբունքներից ամենակարևորը՝ քրեական հետապնդումը և դատապարտումը բացառապես օրենքի հիման վրա»,- այս մասին ասաց փաստաբան Աննա Ջուվանովան «Սասնա ծռերի» գործով մեղադրվող 11 ամբաստանյալների պաշտպանների հրավիրած ասուլիսին։
«Որևէ անգամ այս խնդիրը չի առաջացել, որ պետք է անձանց մեղադրանք առաջադրվի՝ չունենալով օրենք, և դատարանները, որ չառաջնորդվեն օրենքի հիման վրա։ Հարցը նրանում է, որ նախկին քրեական օրենսգիրքը ուժը կորցրել է և այլևս գոյություն չունի։ Դրա փոխարեն ընդունվել է քրեական նոր օրենսգիրքը, որից հետո օրենքի ուժով դադարեցվել է նախկին քրեական օրենսգրքի գործողությունը»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով, որ դատախազությունը մեղադրվող անձանց հանցանքերը մեկ տարվա ընթացքում պետք է համապատասխանեցներ նոր քրեական օրենսգրքին, սակայն դա չի արել։
Փաստաբան Պարույր Սաֆարյան նշեց, որ համապատասխանեցումները նախկին և նոր քրեական օրենսգրքերի միջև պետք է կատարվեն, որպեսզի հստակ մեղադրանք սահմանվի․ «Քանի չունենանք համապատասխան մեղադրանք, մենք չենք կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։