Ամբարտավան և ճոռոմ վերաբերմունք է․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը արձագանքել է Կանադայի ԱԳՆ-ի հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ` ի պատասխան Կանադայի ԱԳՆ-ի տեղեկատվության, որ պատրաստվում է Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություն բացել: Ռուսաստանի դեսպանատունը տարակուսանք է հայտնել, որ դեսպանատան բացումը Կանադայի արտաքին գործերի նախարարության կողմից մատուցվում է նաև «ռուսական ազդեցությանը հակազդելու» համատեքստում:
Կանադայի ԱԳՆ հաղորդագրության մեջ խոսվում էր Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում դիվանագիտական ակտիվության ընդլայնման մասին՝ «Ռուսաստանի ապակայունացնող գործունեությանը հակազդելու նպատակով»։
«Զարմացնում է նման անթաքույց ամբարտավան և արհամարհական վերաբերմունքը պետության նկատմամբ, որի հետ, կարծես, պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։ Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կանդրադառնա հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»,- ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Ըստ դեսպանատան՝ այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ հենց նման ամբարտավան և երբեմն ճոռոմ վերաբերմունքն է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում: