«Միկային» լուրջ փորձություն է սպասվում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի 2011 թ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունում մեր հանրապետությունը ներկայացնելու է Երեւանի «Միկան», որը անցած տարի Հայաստանի առաջնությունն ավարտել էր 4-րդ հորիզոնականում:
Հիշեցնենք, որ երկրի չեմպիոն «Փյունիկը», ինչպես նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ «Բանանցն» ու «Ուլիսը» հրաժարվեցին մասնակցել այդ մրցաշարին:
«Միկան» պատրաստվելով վերը նշված ստուգատեսին` այսօր առավոտյան իր վերջին մարզումն անցկացրեց Սանկ Պետերբուրգ մեկնելուց առաջ:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից, թիմի ֆուտբոլիստները առողջության հետ կապված խնդիրներ չունեն: Հավելենք միայն, որ հիմնական կազմից 21 խաղացողներից Սանկ Պետերբուրգ չեն մեկնի Ավագ Մարգարյանն ու Վարդան Մինասյանը:
Հարկ է նշել, որ «Միկային» լուրջ փորձություններ են սպասվում մրցաշարի առաջին երկու տուրերին, քանի որ թիմը Սանկ Պետերբուրգ է մեկնելու հունվարի 15-ի առավոտյան, իսկ արդեն երեկոյան հանդիպելու է Լատվիայի չեմպիոն «Սկոնտոյի» հետ: Ի դեպ, այս խաղը «Միկայի» խնդրանքով տեղափոխվել եւ կկայանա սուշ երեկոյան` տեկանան ժամանակով 21:00-ին: Իսկ հաջորդ օրվա առավոտյան «Միկան» արդեն պետք է անցկացնի իր երկրորդ հանդիպումը` Ղազախստանի «Տոբոլի» հետ, ուստի ֆուտբոլիստները պարզապես ուժերը վերականգնելու ժամանակ չեն ունենա:
Ըստ բուքմեյքերների, «Սկոնտո» - «Միկա» խաղի ընդգծված ֆավորիտը լատվիական թիմն է: