Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկի» ֆուտբոլիստները` առաջիկա մրցակցի և խաղի մասին

Երևանի «Փյունիկը» մի քանի օրից մեկնարկելու ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2022/23թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում՝ սեփական հարկի տակ ընդունելով Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի ներկայիս ֆուտբոլիստներից Ուրոշ Նենադովիչն ու Արտակ Դաշյանը Երևանի «Ալաշկերտի» կազմում 2018թ Եվրոպա Լիգայի խաղարկության շրջանակում արդեն մրցել են «Կլուժի» դեմ։ «Փյունիկի» մամուլի ծառայության հետ զրույցում նրանք խոսել են ռումինական թիմի դեմ խաղալու իրենց նախորդ փորձից և առաջիկա խաղերի մասին։

«Անշուշտ, վիճակահանությամբ մեզ կարող էր բաժին ընկնել ավելի հարմար մրցակից, քանի որ այս փուլում «Կլուժն» ամենաուժեղ թիմերից մեկն է: Ամեն դեպքում, մեզ մնում է միայն լրջորեն նախապատրաստվել յուրաքանչյուր խաղին: Կարծում եմ, որ հիմա ֆուտբոլում բոլորն էլ ունեն հաղթելու հնարավորություն: Առաջին հանդիպումը լինելու է մեր հարկի տակ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լավ արդյունքի հասենք այս խաղում։ «Կլուժը» բարձրակարգ թիմ է, ունի մեծ բյուջե։ Նրանք ամեն տարի ներքին առաջնությունում պայքարում են միայն չեմպիոնության համար։ Նշեմ, որ Ռումինայի առաջնությունը շատ ուժեղ է։ 

Երբ ես հետհայացք եմ գցում չորս տարի առաջ, «Կլուժն» իսկապես շատ ուժեղ թիմ էր, բայց երբ ես այդ ժամանակ «Ալաշկերտում» էի, մենք եվրոգավաթներում խաղալու այդքան մեծ փորձ չունեինք։ Միգուցե դա էր պատճառը, որ մենք զիջեցինք այդպիսի խոշոր հաշվով։ Կարծում եմ, որ հիմա մեր թիմում կան շատ փորձառու խաղացողներ և այս տարի մենք կարող ենք ավելի լավ արդյունք ցույց տալ, և ինչու ոչ` նաև հաղթել։

Մենք Դիլիջանում ուսումնամարզական հավաք ենք անցկացրել և քրտնաջան աշխատել ենք։ Մարզիչը գոհ է մեր կատարած աշխատանքից: Մենք աստիճանաբար լավ մարզավիճակով ենք մոտենում առաջիկա խաղին։ Կարծում եմ՝ մեր մարզչական շտաբը լավ գիտի, թե ինչպես պատրաստի մեզ այս խաղին և մշակի տակտիկական իրենց մտահաղացումները։ Մենք պետք է պատրաստ լինենք այս խաղում մեր առավելագույն ուժերը ներդնելու համար և հուսանք, որ լավ արդյունքի կհասնենք», - ասել է Ուրոշ Նենադովիչը:

«2018-ին «Ալաշկերտի» կազմում մասնակցել եմ «Կլուժի» դեմ պատասխան խաղին, Ռումինիայում, և կարող եմ ասել, որ այն ժամանակ տեխնիկապես լավ պատրաստված թիմ էր: Արդեն ուսումնասիրել ենք «Կլուժին», բայց չէի ցանկանա համեմատել այն ժամանակվա ու ներկայիս թիմերը։ Նրանց իրական ուժն ավելի լավ կերևա խաղադաշտում։

Մեր թիմը լավ է նախապատրաստվել և ուսումնամարզական հավաքն ընթացել է ըստ ծրագրվածի։ Իմ կարծիքով՝ «Փյունիկը» պատրաստ է առաջիկա հանդիպումներին», - նշել է Արտակ Դաշյանը:

Նշենք, որ «Փյունիկ» - «Կլուժ» խաղը կայանալու է հուլիսի 5-ին, «Հանրապետական» մարզադաշտում: