Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանի քաղաքապետարանը պաշտոնեական դիրքը չարաշահելով քաղաքացիներին ուղղորդում է․ Արայիկ Հակոբյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը պաշտոնեական դիրքը չարաշահելով քաղաքացիներին ուղղորդում է․ Արայիկ Հակոբյան

Այսօր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ն կազմակերպել էր աշխատաժողով նվիրված հողաշինարարի և գեոդեզիստի օրվան։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ոլորտային հետևյալ հիմնախնդիրները՝
հողային հարաբերությունների արդի վիճակը և զարգացման հեռանկարները,
քաղաքաշինական գործունեության հիմնահարցերը և ինքնակամ կառույցների հաշվառման խնդիրները չափագրման (հաշվառման) և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա հիմնահարցերը, հասցեավորման առանձնահատկությունները։

Գիտաժողովին ներկա էին Կադաստրի կոմիտեի  և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի նախագահ Արայիկ Հակոբյանը։

«Ճիշտ 25 տարի առաջ այս օրը ՀՀ կառավարության 234 որոշմամբ ստեղծվեց ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչություն և մեկնարկեց անշարժ գույքի պետական միասնական վարման գործընթացը։ Այսօր մեր հանրապետությունում նշվում է գեոդեզիստի և հողաշինարարի օրը»,- ասաց Արայիկ Հակոբյանը և շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի առթիվ։

«Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի նախագահը նշեց, որ ճիշտ մեկ տարի առաջ ստեղծված կազմակերպության հիմնական նպատակը եղել է ոլորտի զարգացումն ու առաջընթացը։

«Մեր նպատակն է գեոդեզիայի և հողաշինարարության բնագավառում որակավորված բոլոր անձանց հասցնել գիտակցական այն մակարդակին, որ իրենք հանդիսանում են այս ոլորտում պետության ներկայացուցիչները քաղաքացի-պետություն հարաբերություններում, այլ ոչ թե ծառայություններ մատուցող և շահ հետապնդող անձինք»,- հայտարարեց Արայիկ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ միությունը շարունակաբար բարձրացրել է ոլորտային հիմնախնդիրները, կազմակերպել մասնագիտական քննարկումներ, որոնց ընթացքում բազմաթիվ հարցերի առնչությամբ տրվել է պարզաբանումներ, ապա հավելեց, որ ակտիվ շփումներ են ունեցել ոլորտի պատասխանատուների հետ, որտեղ երբեմն եղել են կարծիքների բախում, որոնց արդյունքը կանոնակարգված և մեկ նշաձող բարձր ինստիտուտի գոյությունն է։

«Հակառակ այս ամենին՝ որևէ կերպ մեզ մոտ չստացվեց կապ, շփում հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ։ Ավելին՝ դեռևս այս տարվա հունվար և մարտ ամիսներին Երևանի քաղաքապետին ուղղված մեր նամակները մնացին անարձագանք՝ նույնիսկ մինչ օրս»,- հայտարարեց «Գեոդեզիստների և հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ-ի նախագահը` տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի միջոցով շարունակում է գեոդեզիական ծառայություններ մատուցել քաղաքացիներին։

«Ըստ էության` դա իրականացնում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ քաղաքացիներին ուղղակի ուղղորդելով գեոդեզիական ծառայություններ պատվիրել հենց այդ ընկերությունից՝ բացահայտ, համատարած և անխտիր»,- ասաց Արայիկ Հակոբյանը` նշելով, որ խնդրի մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետին։

Նշենք՝ այսօրվա աշխատաժողովին ներկա չէին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Մանրամասները՝ տեսանյութում։