Կընտրենք, եթե ընդդիմության թեկնածուն «լկտի» չլինի․ դա իմ անձնական չափանիշն է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄանդատների զրկելու հարցը՝ դա դեռ կհասկանանք։ Այսպես պատասխանեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր խորհրդարանում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղավ ընդդիմադիր պատգամավորներից Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին մանդատներից զրկելու հարցը։
Ալեն Սիմոնյանն ասում է՝ դեռ ժամանակ կա։ Հարցին՝ իսկ պաշտոններից կզրկե՞ք այս տարի, թե մինչև սեպտեմբեր, Աժ նախագահը կարճ պատասխանեց՝չեմ բացառում, որ մոտ օրերս։
ԱԺ նախագահը չբացառեց, որ հնարավոր է այդ հաստիքները թափուր թողնեն, բայց նշեց՝ եթե ընդդիմությունը նորմալ թեկնածու առաջադրի՝ կընտրենք։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է նորմալ թեկնածում։
«Որ լկտի չլինի, դա իմ անձնական չափանիշն է, որ իրեն քաղաքական գործչին վայել պահի, որ իր գործառույթները լավ իրականացնի՝ օրինակ նիստերի մասնակցի, օրինակ խորհրդի նիստերին մասնակցի, որ ուղղակի աշխատավարձ չստանա»,- պարզաբանեց ԱԺ նախագահը։
Լրագրողները Ալեն Սիմոնյանին հայտնեցին, թե ընդդիմադիրներն ասել են, որ սեպտեմբերին էլ չեն գալու։ Աժ նախագահն էլ՝ դե թող չգան։
«Ես վստահ չեմ, որ իրենց մեջ չեն գտնվի պատգամավորներ, որոնք կհասկանան, որ իրենք քաղաքական գործիչ են և կգան քաղաքական գործունեությամբ կզբաղվեն։ Իրենք միատարր կառույց չեն»,- նկատեց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ «կա դաշնակցության թևը, կա Ռոբերտ Քոչարյանի թևը, Վահե Հակոբյանի թևը։ Այնտեղից մարդիկ կան, որ մեկ էստեղի արբանյակն են, մեկ մյուս թևի»։
Հարցին՝ դուք ո՞ր թևի հետ եք բանակցում, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք ոչ մեկի հետ էլ չեն բանակցում։
Մանրամասները՝ տեսանյութում։