Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից ընկալման խնդիր կա․ Գրիգորյան (տեսանյութ)

«Մեր քաղաքականությունը շարունակում է նույնը  մնալ»․ խոսելով Ադրբեջանի ակնկալած այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա ևս մեկ անգամ բացառեց, որ միջանցքի տրամաբանությամբ ճանապարհ չի կարող լինել։

Հարցին, թե ճանապարհին բեռները ստուգվել են արդյոք,  Գրիգորյանն արձագանքեց՝ «Միանշանակ ստուգվելու է»։

Պաշտոնյան նաև հիշեցրեց Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի խոսքերը, ով իր Հայաստանում գտնվելու ժամանակ ևս հայտարարել էր, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվելու։ ԵՄ խորհրդի նախագահ Միշելի խոսնակը, ըստ Գրիգորյանի, ևս նմանատիպ հայտարարություն է արել։

«Ա1+»-ի լրագրողի այն հարցին, որ չնայած Հայաստանի պնդումներին, Ալիևը երեկ Աշխաբադում Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» արդեն իրականություն է դառնում․ արդյոք պաշտոնական Երևանը ունի արձագանք ասվածին, Գրիգորյանը  պատասխանեց․

«Ոչ միայն պաշտոնական Երևանը, նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը սրա մասին ասել են»,-նշեց Գրիգորյանը և հավելեց․ «Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա»։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ չնայած նրան, որ բոլոր կողմերը հայտարարում են թե միջանցք չի լինելու, այդուամենայնիվ Ադրբեջանն անընդհատ հակառակն է պնդում։

«Անհասկանալի պատճառներով»,-եզրափակեց պաշտոնյան։