Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Որոշ ծառայություններ չեն ներառվել առողջության պարտադիր ապահովագրության մեջ (տեսանյութ)

Առողջության համապարփակ ապահովագրությունը պարտադիր կդառնա աշխատող քաղաքացիների համար։ Նախագիծը, որն ընդգրկված է Կառավարության հնգամյա ծրագրում՝ կսկսի գործել 2023 թվականից։ Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի հետ։

«Մենք քննարկել ենք մեր գործընկերների հետ, մասնագետների հետ, թե ինչ ռեֆորմ կարող ենք իրականացնել, ինչպիսի փոփոխություն կարող ենք իրականացնել, որպեսզի մեր բնակչությունը ֆինանսապես ավելի պաշտպանված լինի և այն պահին, երբ կարիք լինի ստանալ բժշկական ծառայություն՝ ինքը կարողանա հանգիստ դիմել և առանց որևէ խոչընդոտի ստանա ծառայություն»,- ասում է Լենա Նանուշյանը։

Առողջապահության նախարարությունը բարեփոխման այս մոդելը վերցրել է Լիտվայի փորձից, որտեղ քաղաքացիները ապահովագրության գումարը նախ սոցիալական կամ կենսաթոշակային ֆոնդին են փոխանցում, իսկ վերջիններս էլ առողջապահության ֆոնդին։ Այս մոդելը առաջարկությունների ցանկում է, բայց գումարների հավաքագրման համար գերատեսչությունը մեկ այլ առաջարկ ունի։ «Մենք մտածում էինք, որ ՊԵԿ-ը հավաքագրումը կանի: Մեր առաջարկն է,որ լինի պետական մեկ գնորդի համակարգ»,- նկատում է նախարարի տեղակալը։

Ապահովագրության կարևորագույն առանձնահատկություններից մեկը դեղորայքային փաթեթն է, որի շրջանակներում քաղաքացին դեղորայք կստանա հետազոտությունն անցնելուց հետո, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Պատասխանատուներն ակնկալում են, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ կբարելավվեն բնակչության՝ առողջության ցուցանիշները, համակարգի ներսում կբարձրացնեն արդյունավետություն ու հասանելիությունը, իսկ պարտադիր լինելու բաղադրիչը հիմնավորում են սոցիալական համերաշխության սկզբունքով։

«Կազմել ենք ծառայությունների փաթեթ, թե որ ծառայություիններից է մեր բնակչությունը օգտվելու։ Կատարել ենք գնահատում, թե ինչ կարժենա այդ ծառայությունների փաթեթը, եթե միաժամանակ այդ ամբողջ խմբի մեջ լինեն և կենսաթոշակառուները, և երեխաները, և աշխատող բնակչությունը և ուսանողները։ Այդ ամբողջ փաթեթեի գումարը ստանալուց հետո փորձլ ենք հասկանալ ինչքան պետք է վճարի պետությունը, օրինակ՝ որոշակի խմբերի համար և ինչքան պետք է վճարի աշխատող բնակչությունը։ Մեր առաջարկն այն էր, որ ընդահանուր այդ փաթեթը, եթե փաթեթի փոփոխություն չենք իրականացնում՝ 6 տոկոս պետք է վճարվի՝ դրա կեսը վճարի աշխատողը, մյուս կեսը գործատուն»,- պարզաբանում է Լենա Նանուշյանը։

Փաթեթում չեն ներառել պլաստիկ վիրահատությունները, ատամնաբուժական հիմնական ծառայությունները ներառել են, բայց թանկարժեք ծառայությունները՝ ոչ։ «Փաթեթեը 90 տոկոսով փակում է այն ծառայությունները՝ վիրահատությունները, սրտի վիրահատությունները, տրանսպատվանցիայի որոշակի ծառայություն ունենք, ուռուցքաբանության ոլորտում ՝և վիրահատական, և քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը։ Որոշակի սահմաններ իհարկե դրված են, բայց մեծամասամբ դրանք փակում են»,- ասաց նախարարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում։