Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զախարովան խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, սահմանային միջադեպերի մասին (տեսանյութ)

Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին:

«Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել է Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

Զախարովայի խոսքով՝ ձևաչափից հրաժարվելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ պարզաբանում չի եղել: ՌԴ ԱԳՆ խոսնակն այդ քայլն «անպատասխանատու» է որակել: Նա հավելել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում: Զախարովան վստահեցրել է, որ Մոսկվան կանի հնարավորը, որպեսզի կյանքի կոչվեն երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ «Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- ասել է Զախարովան։

«Նախատեսվում է նաև մանրամասն քննարկել տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի իրականացման գործընթացը։

Հիշեցնեմ, որ դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը և Հարավային Կովկասը վերածելու խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու»,- ասել է Զախարովան: