Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի և Լաչինի հետ միասին․ Փաշինյան (տեսանյութ)

1998 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված այսպես կոչված «ընդհանուր պետություն» առաջարկը։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձելով ընդդիմության շրջանառած թեզին, թե իշխանությունը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Նիկոլ Փաշինյանը մեջբերեց մի հատված այդ առաջարկից, որտեղ ասվում էր՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետական ձևի պետական և տարածքային կազմավորում է, և Ադրբեջանի հետ կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

ՀՀ վարչապետը երկրորդ մեջբերումն էլ բերեց, որտեղ մասնավորապես ասվում էր, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները որպես անձը հաստատող փաստաթուղթ կունենան Ադրբեջանի անձնագիր՝ Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս մասին իմացել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Դաշնակցությունը։

«Տարօրինակ է՝ համանախագահների այս առաջարկին ինչո՞ւ չեն արձագանքել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ նրանք ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանձնակի տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։