Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Լավ սպասելիքներ չունենք, դժվարանալու է մեր աշխատանքը․ արտահանողներ (տեսանյութ)

«Արտարժույթի փոփոխությունները մեզ համար շատ ցավոտ են, մենք հասկանում ենք, որ ունենք արտարժույթի ներհոսք, սակայն, ամեն դեպքում, մենք ունենք խնդիր»,- այս մասին նշեց «Նոա օֆ Արենի ՍՊԸ»-ի տնօրեն Արսեն Մկրտչյանը «Դոլարի արժեզրկման հետևանքները՝ գյուղատնտեսության և գինեգործության վրա» թեմայով ասուլիսի ժամանակ։

Ըստ «Եվրոթերմ ՓԲԸ»-ի տնօերն Վահե Ղազարյանի՝ արտարժույթի կտրուկ տատանումների պատճառով գյուղմթերք արտահանողները կանգնել են լուրջ խնդիրների առաջ։ Հայ արտահանողը ստիպված պետք է գները բարձրացնի, որը բացասաբար է ազդում վաճառքի վրա: Վերոնշյալ սխեման նաև գործում է հայկական արտահանման ամենակարևոր ոլորտներից մեկի՝ խմիչքների արտահանման դաշտում:

Բանախոսները նշեցին, որ առաջացել են նաև լոգիստիկ խնդիրներ։

«Արդյունքում ունենում ենք դրսի շուկայի նկատմամբ անմրցունակ կամ քիչ մրցունակ ապրանքներ»,-նշում է Արսեն Մկրտչյանը։

Վահե Ղազարյանը իր հերթին նշեց, որ ծովային բեռնափոխադրումները ևս շատ թանկացել են․ «Օրինակ, թե այստեղից Լոս Անջելես 4000 դոլար արժեր, հիմա 11 հազար 500 դոլար արժե»։

Բանախոսները անդրադարձան նաև միջազգային շուկաներում հայկական խմիչքների վաճառքին։

«Մենք լուրջ մրցակցություն ունենք դրսում գինիների շուկաներում՝ օրինակ լիբանանյան գինիները հիմա թրենդի մեջ են ու շատերը Եվրոպայում նախընտում են լիբանանյան գինիներ։ Մեր գինիները ևս թրենդի մեջ են և կարող են մեր գինիները ընտրել, սակայն այս պահին զուտ գնի պատճառով կարող ենք խնդիրներ ունենալ»,- նշեց Արսեն Մկրտչյանը։

Գործարարը ավելացրեց, որ ամեն ինչից զատ նաև դրսի շուկաներում լրացուցիչ մարքեթինգային ծախսեր են անում, որոնք հավելյալ բեռ են․ «Սկսում են բազմաթիվ խնդիրներ և լավ սպասելիքներ չունենք․․․ դժվարանալու է մեր աշխատանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։