Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նրանք արտագաղթելու են նաև դոլարի արժեզրկման պատճառով․ Հայկ Չոբանյան (տեսանյութ)

«Համոզված եմ, որ Ադրբեջանի ներկայությունն այդ ոլորտում կարևոր դեր է խաղացել հատկապես 44 օրյա պատերազմի ընթացքում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ  Չոբանյանն՝ անդրադառնալով հարցին, թե արբանյակներ ունենալն ինչ առավելություն է տվել այդ երկրին։

Հիշեցնենք, որ անցած ամիս Հայաստանը տիեզերք արձակեց իր առաջին՝ Արմսաթ-1 արբանյակը։ Հ․Չոբանյանը փոխանցեց, որ այն Հայաստանի համար կլինի նոր հնարավորություն ոչ միայն անվտանգության, պաշտպանության, այլ նաև գյուղատնտեսության, բնապահպանության, գիտության ոլորտներում։ «44 օրյա պատերազմից հետո մեր ռազմարդյունաբերության ոլորտում նոր փուլ սկսվեց, դա արտահայտվեց հատկապես մասնավոր ոլորտում»,- հավելեց նա։

Հ․Չոբանյանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ավելի քան 70 հազար մասնագետներին և ասաց, թե դա աննախադեպ երևույթ էր մեր երկրի համար։

Նրա ներկայացմամբ ռուսները ՏՏ ոլորտի մասնագետների տեղաշարժի համաշխարհային սանդղակում միշտ եղել են առաջին եռյակում, բայց երբեք Հայաստան գալու մասին չեն մտածել։ Իսկ Հայաստանը՝ որպես ՏՏ ոլորտի մասնագետներ ունեցող երկիր, այդ սանդղակում երբևէ նկատելի տեղ չի զբաղեցրել, մինչդեռ հիմա կարող է լինել առաջին տասնյակում։ Եվ ԱՏՁՄ գործադիր տնօրենը պարտադիր է համարում, որ Հայաստանը այդ տեղաշարժը սպասարկելու համար պայմաններ ստեղծվի, որպեսզի հետագայում էլ այդ մասնագետները մեր երկիրը դիտարկեն որպես իրենց աշխատելու վայր։

Մինչդեռ այսօր դոլարի արժեզրկումը կարող է պատճառ դառնալ, որ նրանք Հայաստանից մեկնեն մեկ այլ երկիր։ Եվ ընդհանրապես Հայկ Չոբանյանը դրամի արժեզրկումը աղետալի է համարում ՀՀ արտադրողների համար։ «Արտադրողներն այսօր ճգնաժամային վիճակում են,  քայքայվում են դրամի կուրսի պատճառով։ Ընկերությունները զանգվածաբար ազատելու են իրենց աշխատողներին, որովհետև չեն կարողանալու պահել, զանգվածաբար կորցնելու են իրենց հաճախորդներին, այդ թվում՝ մեր ոլորտում։ Այս արժեզրկումը մի քանի անգամ գերազանցում է նրանց ունեցած շահույթի մարժան։ Նրանք արտագաղթելու են նաև այս պատճառով»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝  տեսանյութում։