Բացել լրահոսը Փակել լրահոսը
ara-poghosyan-580x460
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Սերժ Սարգսյանին ամենաքիչն է ձեռք տալիս, որ լինի իշխանափոխություն և իշխանությունը փոխանցվի Ռ․ Քոչարյանին․ քաղաքագետ

«Դիմադրություն» շարժման և հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

 

Պարոն Պողոսյան, Սերժ Սարգսյանը երեկ նշել է, որ շարժումը բերելու է ցանկալի արդյունքներ, և խորհուրդ է տվել լսել վաղվա Իշխան Սաղաթելյանի ելույթը։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը այսպիսով շարժման  պատասխանատվությունը ամբողջությամբ բարդեց Իշխան Սաղաթելյանի վրա։

Այս պահին, եթե լինի իշխանափոխություն, ապա իշխանությունը պետք է կիսվի ավանգարդում կանգնած ուժերի միջև, դա իր հերթին հնարավոր չի, որովհետև երկրորդ և երրորդ նախագահները մինչ այս պահը չեն կարողացել ընդհանուր կոնսենսուս ձևավորել, միակ կոնսեսուսը դա Ն․ Փաշինյանի հրաժարականի պահանջն է։ Սերժ Սարգսյանը հասկանալով, որ այս շարժման ավանգարդում կանգնած են Դաշնակցության և Ռ․ Քոչարյանի կողմնակիցները, իրեն ամենաքիչն է ձեռք տալիս, որ լինի իշխանափոխություն և իշխանությունը փոխանցվի Ռ․ Քոչարյանին և իր կողմնակիցներին։

Ս․ Սարգսյանը ցույց է տալիս, որ ինքը գործընթացի մեջ է, բայց միևնույն ժամանակ գործընթացի մեջ չէ։ Որ ինքը որոշող չէ, որ հասկանալով շարժումն այս պահին և այս բովանդակությամբ պտղաբեր չէ, որովհետև ինչքան էլ, որ պնդենք, որ Արցախն իրապես շատ կարևոր է, բայց հասարակությունը և ընդհանրապես հեղափոխությունները զուտ տարածքային հարցով տեղի չեն ունենում։ Փողոցում հեղափոխություններ տեղի են ունենում հիմնականում սոցիալական բաղադրիչի տեսքով, եթե չկա սոցիալական բաղադրիչը, այդ դեպքում մնում է հույս դնել պալատական հեղաշրջման վրա, որը կրկին տեղի չի ունենալու։ Եվ հիմա Ս․ Սարգսյանը հասկանում է, որ շարժումը չի կարող տանել իշխանափոխության և փորձում է պատասխանատվությունը իր և իր ուժի վրայից «դեն շպրտել»։

Ընդդիմության հիմնական եզրույթներից մեկն այն է, որ իշխանությունը ցանկանում է հանձնել Արցախը, իսկ իրենք դեմ են դրան։ Իրականում ի՞նչ գործընթացների մեջ են մեր իշխանությունները՝ միջազգային հարթակներում Արցախի հարցով։

Նայած, թե հանձնել ասելով մենք ինչ նկատի ունենք։ Դե ֆակտո և դե յուրե ՀՀ-ն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, որովհետև իր այդ լիազորումը փոխանցել է մեկ այլ պետության, մասնավորապես ՌԴ-ին և ՀՀ-ն այս պահին Արցախի անվտանգային  միջավայրի վրա չունի որևէ ազդեցություն՝ հատկապես դրական իմաստով։

Հիմա շատ վտանգավոր է, որ իշխանությունը, որը կրել է պարտություն և հակառակորդ պետության կողմից ենթակվել վարկաբեկման, դժվար թե կարողանա ի վիճակի լինի հակառակորդ պետության հետ  վարել բանակցային հարաբերություններ։

Ինչ եք կարծում, շարժումը ներքին կազմակերպվածությա՞մբ է, թե՞ այնուամնայնիվ դրսից ուժերի ներգրավվածություն կա։

Սրանք ասեկոսեներ են և չեմ կարծում, որ փաստացի են։ Եթե լինեին որևէ փաստացի հիմքեր, որ արտասահմանյան որևէ պետություն ՀՀ-ի տարածքում կազմակերպում է հակաիշխանական ելույթներ, ցույցեր և ակցիաներ, ապա ասյ դեպքում պետք է լինեին  որոշակի իրավական ընթացակարգեր։

Իսկ արդյո՞ք ՌԴ-ին ձեռնտու է, որ խորհրդարանական ընդդիմությունը Հայաստանում ցույցեր կազմակերպի։

Այսօր Ն․ Փաշինյանի իշխանությունը վատ ծառայություններ չի մատուցում ՌԴ-ին, չնայած նրան, որ այս իշխանությունը երկակի խաղեր է փորձում խաղալ։ Բայց ամեն դեպքում ՌԴ-ն ունի իր ձեռքերում հաղթաթուղթ, մասնավորապես՝ խաղաղապահ կոնտինգենտ Արցախում, նաև Սյունիքի տարածքում տեղակայված ռուսական ուժեր, որից ավելի լավ հաղթաթուղթ չէր կարող ունենալ օրինակ 10 տարի առաջ Հայաստանում։ Հավելեմ դրան նաև ԵԱՏՄ տարածքում Հայաստանի գտնվելը, հավելեմ նաև Ռուսաստանի և Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, կարծում եմ, որ միամիտ կլինի ասել, որ ՌԴ-ն մնացել էր Հասյաստանի ընդդիմության հույսին։ Որևէ արտաքին գերտերություն այսօրվա Հայաստանի համար մեծ հաշվով ունի այնքան հաղթաթղթեր, որ այսպիսի շարժումների կարիք մեծ հաշվով չկա։

Արդյո՞ք իշխանությանը ձեռնտու է, որ ընդդիմությունը մնա փողոցում և շարունակի այդ պայքարը։

Կարծում եմ այս հանգրվանում գոնե՝ գուցե, որովհետև ընդդիմության այս պայքարը ինչքան էլ հիմա պնդեմ, որ արտաքին աշխարհում բացասական է ընկալվում և այլն, բայց այնուամենայնիվ, այն, որ կա ընդդիմություն պետության մեջ, որը փողոցային պայքարի միջոցով ցույց  է տալիս, որ երկրում կա անհամաձայնություն և իշխանություններից չէ, որ միայն կախված է որոշակի որոշումներ կամ զիջումներ։ Այս իմաստով, եթե իշխանությունները լինեն խելամիտ, ապա անպայման կօգտվեն այդ հնարավորություններից։ Սա իրականում հնարավորություն է։ 

Իսկ որքանով է այս դեպքում ճիշտ գործում իշխանությունը։

Այս պահին նկատվում են որոշակի գործընթացների ձգձգումներ, որոնք այս պահին անհրաժեշտ են ՀՀ-ին։ Որովհետև, եթե այս ժամանակահատվածում մենք հասցնեինք վերակազմակերպել մեր բանակը, վերախմբավորել մեր ուժերը, մշակել մեր ազգային հայեցակարգը և այլն, ապա այդ պրոցեսները որոնք ձգձգվում էին մեր համար, կարող էին ապագայում ինչ-որ բարենպաստ պայմաններում ծառայել մեր շահերին։

Շատ է նշվում, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը և իշխանությունը միմյանց արժանի հակառակորդներ են և նրանց այսպիսի գործունեության արդյունքում մնացած ուժերը դուրս են մնում քաղաքական գործընթացներից։ 

Ես այս ընթացքում նկատում եմ, որ իշխանությունները փորձում են իրագործել այդ երրորդ ուժի ֆենոմենը։ Իշխանությունները հասկանում են, որ գնալով մեծանում է հասարակության մի զանգվածի կշիռը, ովքեր ոչ նրանց են սիրում, ոչ նրանց։ Իշխանությւոնները արդեն փորձում են դա կիրառել։  Սակայն դա ևս չի կարող ունենալ ո՛չ արդյունք, ո՛չ էֆֆեկտ, քանի որ այդ ուժը պետք է լինի բնական, այլ ոչ թե արհեստական։ Այն, ինչը որ արհեստական է շատ արագ ուռճացվում և շատ արագ էլ պայթում է, հետևաբար, այդ դեպքում չի կարող ունենալ երկարաժամկետ հեռանկար։