Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina 11,06, (1)
A A
Սպորտ

Ուկրաինան վստահ հաղթեց Հայաստանին. Ազգերի լիգա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլում: Լեհաստանի Լոձ քաղաքում մեր թիմը մրցեց Ուկրաինայի ազգային ընդտրանու հետ:

Ուկրաինացի ֆուտբոլիստները հենց սկզբից տիրեցին նախաձեռնությանը և պաշարեցին մեր տուգանային հրապարակը: Սակայն այս անգամ Հայաստանի հավաքականն ընտրել էր ակտիվ պաշտպանվելու մարտավարություն և կարողանում էր չեզոքացնել մրցակցի գրոհները, բացի այդ կազմակերպում էր սուր հակագրոհներ: Ավաղ, մեր ֆուտբոլիստներն ոչ մի կերպ չեն կարողանում իրար հետ համագործակցել նման հակագրոհների ժամանակ և կորցնում էին գնդակը: Առաջին խաղակեսում միայն Էդգար Բաբայանը հեռվից փորձեց գրավել դարպասը, բայց` ապարդյուն: Ուկրաինացիներն առաջին խաղակեսում շատ պարզունակ էին գործում և այդպես էլ չկարողացան լրջորեն սպառնալ Դավիթ Յուրչենկոյի դարպասին:

Ընդմիջումից հետո նոմինալ դաշտի տերերն սկսեցին ավելի արագ գործել և լայն ճակատով գրոհել: Սկզբում մերոնք ոչ միայն կարողանում էին փակել նրանց գրոհները, այլև մեկ անգամ բավականին սուր հակագրոհ կազմակերպեցին, սակայն մեր թիմի ավագ Կամո Հովհաննիսյանն այնքան գնդակը պահեց իր մոտ, որ վերջում արդեն ուժ չուներ սուր փոխանցման համար:

Ուկրաինացիները զգալով, որ չեն կարողանում ճեղքել Հայաստանի հավաքականի հագեցած պաշտպանությունը, սկսեցին դիմել հեռահար հարվածների: Հատկապես ակտիվ էր Մալինովսկին, որը նախ բարձր հարվածեց, ապա Դավիթ Յուրչենկոյի վրա, իսկ երրորդ դեպքում արդեն գտավդարպասի անպաշտպան անկյունը` 1:0:

Այս գոլից հետո Հայաստանի հավաքականի պաշտպանությունը սկսեց սխալներ թույլ տալ: Եվ ահա, երկու դրվագում մերոնք պարզապես «նվերներ» մատուցեցին ուկրաինացիներին, որոնք հեշտությամբ ևս երկու գոլ խփեցին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը թարմ ուժեր մտցրեց և փորձեց ակտիվացնել գրոհները: Դա ինչ-որ տեղ ստացվեց, սակայն առջևի գծի մեր խաղացողներն անընդհատ չարաշահում էին անհատակ խաղը և անհավասար պայքարում կորցնում գնդակը: Միակ վտանգավոր պահը ստեղծվեց Սարգիս Ադամյանի սուր փոխանցումից հետո, երբ ուկրաինացիների պաշտպանը քիչ մնաց գրավել սեփական դարպասը, սակայն նրա սխալն ուղեց խաղընկերը`37-ամյա դարպասապահ Պյատովը, որն իր հրաժեշտի խաղն էր անցկացնում այսօր:

Այդպիսով, Ուկրաինայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ, վաստակեց 6 միավոր և գլխավորեց խմբի աղյուսակը: Մեր 3 միավորով մնաց նույն` 3-րդ հորիզոնականում:

Հայաստանի հավաքականը հաջորդ տուրի խաղը կանցկացնեն հունիսի 14-ին: Այդ օրը մեր թիմը սեփական դաշտում կընդունի Շոտլանդիային, որին պարտվել է առաջին խաղում 0:2 հաշվով: