Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչքան էլ չկիսեմ փողոցում գտնվող ընդդիմության մոտեցումները, բայց դա համակարգի հետևանք է․ Սարգսյան (տեսանյութ)

«Մեր կուսակցությունը շատ կարևորում է պետության կառավարման համակարգի ձևը, համարում է, որ տվյալ համակարգի ընտրությունից է կախված պետության կառավարման ոչ կոնֆլիկտայնությունը, հետագա գործունեության համաչափությունը»։

Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Հանրապետություն» կուսակցությունը ակտիվ «Ոչ»-ի կողմնակից էր, այն դեպքում, երբ «ՔՊ»-ն և մնացած այլ ընդդիմադիր ուժեր համարում էին հարցը երկրորդական և ոչ օրակարգային։ Սարգսյանն ընդգծեց, որ սահմանադրական նոր բարեփոխումների գործընթացին իր ներկայացրած կուսակցությունը ևս հիմա ակտիվ մասնակցություն ունի։ «Հարապետություն» կուսակցությունը հանձնաժողովում ունի իր ներկայացուցիչը։

Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը կողմնակից է կառավարման ամբողջական նախագահական համակարգին։ Ըստ նրա՝ գործադիր իշխանությունը որևէ կերպ բաժանել չի կարելի։ Սարգսյանի համոզմամբ կիսանախագահական համակարգում դա միջանձնային խնդիրների հիմնական պատճառը դարձավ։

«Այդ պատճառով է, որ Լևոն Տեր- Պետրոսյանի իշխանավարության ժամանակ կամային վարչապետների պարագայում լուրջ վեճ առաջացավ Լևոն Տեր- Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի մեջ և այդ վեճը առ էսօր շարունակվում է»,-նկատում է Արամ Սարգսյանը։

Սարգսյանը հիշեցրեց նաև մյուս վեճերի մասին՝ Տեր Պետրոսյան-Քոչարյան, Ռոբերտ Քոչարյան-Վազգեն Սարգսյան։

Նրա համոզմամբ եղել են նաև ստվերային պատերազմներ՝ ինչպես օրինակ՝ Քոչարյանի և Սարգսյանի միջև։

Անդրադառնալով խորհրդարանական համակարգին՝ Սարգսյանն ընդգծեց․

«Խորհրդարանական համակարգում պատգամավորներ են որոշում,  թե ով պիտի լինի երկրի ղեկավարը, իսկ մեր ժողովուրդը ընտրություններում ուզում է ընտրել առաջնորդին»։

Սարգսյանի եզրահանգմամբ խորհրդարանը օրենսդիր մարմնից վեր է ածվում ընտրող մարմնի։

«Ինչքան էլ ես չկիսեմ էսօրվա փողոցում գտնվող ընդդիմության մոտեցումները, բայց որ իրանք  էսօր փողոցում են,  նաև էս համակարգի հետևանքն է»․ընդգծեց Արամ Սարգսյանը։