Բացել լրահոսը Փակել լրահոսը
untitled_45_3075.thumb
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանը Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է, բայց ոչ անփոխարինելի․ Ալեն Ղևոնդյան

«Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

 

-Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է  է Հայաստան։ Այս աշխատանքային այցից առաջ շատ էին խոսակցությունները, որ հատկապես ներքաղաքական կյանքում այս այցը փոխելու է իրավիճակը։ Առհասարակ ինչո՞վ է տարբերվում Լավրովի այցն այս անգամ։

-Խորհրդարանական ընդդիմությունը քիչ այլ բան էր ասում, եթե խոսքը Ագնեսա Խամոյանի գրառման մասին է։ Ինչ վերաբերվում է Լավրովի այցին, ապա այն շատ ավելի ռեգիոնալ բնույթ ունի։ Լավրովի Հայաստան այցին նախորդում է նրա այցը Թուրքիա։ Բանակցությունների օրակարգը բավական խիտ է ու մեզ համար կարևոր է։ Մի կողմից դա Ուկրաինան է, իսկ մյուս կողմից՝ Հարավային Կովկասը։

Նրա այցը մի կողմից ինտրիգ, մյուս կողմից՝ կարևոր մեսիջներ է պարունակում տարածաշրջանի ապագայի մասով, Արցախի ապագայի և ընդհանուր պրոցեսների արագացման և դանդաղեցման մասով։ Մյուս կողմից էլ կան ներքաղաքական իրողություններ։ Կա ընկալում, որ արտաքին խաղացողները Հայաստանում ունեն որոշակի ներկայացվածություն, և որոշ քաղաքական ուժեր իրենց դիրքավորում են որպես այս կամ այն բևեռի հետ ընդհանրություններ ունեցող։

-Դուք խոսեցիք Արցախի հարցում Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Ինչպիսի՞ն է հենց այսօր այդ դիրքորոշումը, և ո՞րն է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահն այդ հարցում։

-Ցանկացած բան, որ Ռուսաստանը կարող էր նախկինում, այսօր շատ ավելի զգուշավոր է։ Հիմա ռեգիոնում ուժային հարաբերակցությունը էականորեն փոխվել է։ Ավանդական մրցակիցների և դաշնակիցների կարգավիճակային փոփոխություններ են տեղի ունեցել։ Այդ ամենը մեկ հիմնական աշխարհակարգ հաստատելու, նոր ուժային բալանս հաստատելու սցենարի էլեմենտներ են։ Կա ևս կարևոր բան՝ էլիտաների փոփոխությունը։ Ադրբեջանում էլիտան չի փոխվել, իսկ Հայաստանում փոխվել է։

Արցախի խնդրի լուծումը ոչ միշտ է կապված բուն Հարավային Կովկասի իրողությունների հետ։ Արցախը Ռուսաստանի համար այս ռեգիոնում մնալու կամ ներգրավվածությունը շարունակական տեսանկյունից ապահովելու կարևոր գործիք է։ Դրա համար է թերևս այն թեզը ակտուալ, որ ռուսները չեն շտապում խնդրի հետ կապված լիարժեք և օբյեկտիվ մոտեցումներ ցուցաբերել։ Ակնհայտ է, որ պատերազմից հետո հայկական կողմը, որ արդյունք չի գրանցել, իսկ ադրբեջանական կողմը, որ արդյունք է գրանցել, կարող է այնպես ստացվել, որ ի հաշիվ հայկական կողմի ռեգիոնի գեոքաղաքականությունը փոխվել։ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի համար կարևոր գործընկեր ռեգիոնալ կտրվածքով, բայց ոչ անփոխարինելի։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը հասկանում է, որ այսօր Հայաստանի թույլ լինելու դիրքերի պարագայում բանակցային պրոցեսում պետք չի շատ շտապել։

-Կարելի՞ է ասել, որ  Ռուսաստանը Արցախի հարցում արդեն ունի որևէ հստակ մտադրություն և նպատակ։

-Դժվարանում եմ ասել․ տարածաշրջանի գեոքաղաքականությունը փոխվում է։ Չնայած Հարավային Կովկասը փոքր ռեգիոն է, բայց ինքը կարևոր տարածաշրջան է աշխարհակարգի հաստատման տեսանկյունից։ Եթե ավելի ճշգրիտ խոսենք՝ Ռուսաստան-Արևմուտք-Թուրքիա-Իրան այս ձևաչափով Ռուսաստանը բանակցում է մի կողմից Արևմուտքի իսկ մյուս կողմից Թուրքիայի հետ։ Թուրքիայի հետ երբեմն առավել արդյունավետ է, քան Արևմուտքի՝ հաշվի առնելով հայտնի հանգամանքները։ Այստեղ, սակայն, կարևոր է նաև մայրաքաղաքների դիրքորոշումը՝ Բաքու, Ստեփանակերտ, Երևան, որոնք ներգրավված են որպես հիմանական ռեգիոնալ դերակատարներ։

Երևանից եթե նայենք, ցավոք, գործող իշխանությունների պարագայում կա մի դիտարկում․ Երևանը ազգային շահերի իր պատկերացումը ուղղակիորեն փորձում է կապել հիմնական մեծ խաղացողների շահերի համընկնման կետերի հետ։ Հենց այդ խաղաղության իրենց կոնցեպտը պայմանավորված է դրանով։ Այս տեսանկյունից մենք Արցախի ապագայի հետ կապված ունենք ոչ թե ռիսկեր, այլ սպառնալիքների, վտանգների մեծ զամբյուղ։

 -Դուք խոսեցիք փոփոխվող աշխարհի մասին։ Երեկ, օրինակ, Լավրովը չի կարողացել մեկնել Բելգրադ, որովհետև մի շարք երկրներ հրաժարվել են Ռուսաստանին օդային միջանցք տրամադրել։ Դեռ ինչքա՞ն պիտի «սեղմվի օղակը» Ռուսաստանի շուրջ։ Արդյո՞ք Արևմուտքը ինչ-որ պահի չի փորձելու փրկել Ռուսաստանի դեմքը նրա հետ հետագայում փոխհարաբերվելու համար։

-Քաղաքականության մեջ, մեծ հաշվով, կա երկու տիպ՝ իրական և հրապարակային։ Վերջինի դեպքում դու երբեմն նաև ստիպված ես որևէ հրապարակային քայլեր ձեռնարկել ինչ-որ այլ պետության նկատմամբ, որի հանդեպ կա թրենդային մերժողական վիճակ։ Կա նաև իրական քաղաքականություն, որը կապված է իրական նյութական շահի հետ։ Այսինքն՝ այն պետությանը կամ նրա ԱԳՆ-ին, որին դու մերժում ես, օդային տարածք չտրամադրելով՝ դու նրանից գնում ես ահռելի մեծ քանակությամբ գազ, նավթ, միգուցե՝ ածուխ։

Վիճակագրությունը այս տեսանկյունից շատ հստակ և կոնկրետ ֆիքսում է՝ եթե մենք համեմատություն ենք անում անցած տարվա այս ժամանակահատվածի համար՝ Ռուսաստանը իր էներգետիկ արտաքին առևտրի սեգմենտի մասով ռեկորդային շահույթ է ձեռք բերել։ Այսինքն՝ բոլոր այն երկրները, որոնք մերժում են Ռուսաստանին՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված, միաժամանակ բանկային փոխանցումներ են անում այդ նույն Ռուսաստանին։