Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Սիմոնյան
A A
Հասարակություն

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թ․ Գորիսում։

1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել է Գորիս քաղաքի միջնակարգ դպրոցում։

1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1977-1981 թթ. ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Տիրապետում է 3 լեզուների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Ա.Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։ Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների։ Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։

Ա. Սիմոնյանի աշխատանքային գործունեությունը, համաձայն ԵՊՀ կայքի, սկսվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին։ 1981-1983 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող։

1986-2000 թթ. հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։ 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։

2000 թ., դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006 թ. մայիսին ընտրվել, 2011 թ. մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում։ 2008 թ հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է։ 2015 թ. հունիսի 25-ին ընտրվել է Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի պաշտոնում։

Արամ Սիմոնյանը 1998 թ.-ին անդամագրվել է իշխանության եկած Հայաստանի հանրապետական կուսակցությանը։