Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

Վարչապետը հյուրընկալել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների ղեկավարներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ այս տարի նշվում է ՀԱՊԿ ստեղծման 30-ամյակը, ինչը կարևոր իրադարձություն է:

«Բազմիցս ենք նշել, որ սա լավ հնարավորություն է իմի բերելու արդյունքները, վերլուծելու մեր ձեռքբերումները, բացթողումները, քայլերը, թե ինչով և ինչպես կարող ենք ավելի արդյունավետ դարձնել մեր կազմակերպությունը: Այս համատեքստում, իհարկե, Խորհրդարանարական վեհաժողովի խորհրդի դերը հնարավոր չէ գերագնահատել, քանի որ ՀԱՊԿ փաստացի այն քաղաքական պլատֆորմն է, որտեղ բոլոր այս հարցերը պետք է քննարկվեն: Կարծում եմ՝ խորհրդարանական ֆորմատը ստեղծում է դրա համար առավել լայն հնարավորություններ: Վերջին անգամ մենք այս ֆորմատով հանդիպել ենք 2019 թվականին, դրանից հետո տեղի են ունեցել շատ մեծ փոփոխություններ աշխարհում՝ կորոնավիրուսի հետ կապված, բացի այդ իրավիճակը մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում բավականին լարված է:

Կարծում եմ՝ սա շատ կարևոր հարթակ է, որպեսզի կիսվենք ապագայի մեր տեսլականով և փորձենք ՀԱՊԿ մեխանիզմները դարձնել առավել արդյունավետ՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար: Սա այն թեմաներից մեկն է, որը շատ կարևոր է և՛ մեր երկրի, և՛ ընդհանարպես կազմակերպության համար: Որպես նախագահող պետություն՝ մենք այս խնդիրը համարում ենք մեր նախագահության առաջնահերթություններից մեկը և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ հարցի շուրջ գալ կոնկրետ որոշումների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ խորհրդի նիստը հնարավորություն է տալիս մշակել որոշումներ և զարգացնել հարաբերությունները երկրների միջև:

«Վեհաժողովը թույլ է տալիս ներդաշնակեցնել օրենսդրությունները, մշակել մոդելային օրենքներ: Երբ խոսում ենք օրենսդրությունների ներդաշնակեցման մասին՝ առաջին հերթին դա վերաբերում է ահաբեկչության, էքստրեմիզմի դեմ պայքարին, ռազմաքաղաքական համագործակցությանը, խաղաղապահ ուժերի գործունեությանը և այլ հարցերի»,- ասել է պարոն Վոլոդինը՝ հավելելով, որ խորհրդի նիստի աշխատանքները սովորաբար սկսում են ՀԱՊԿ-ն նախագահող երկրի առաջնահերթությունների քննարկումներից:

Այնուհետև հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ մեխանիզմների զարգացման, Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի ուղղությամբ իրականացվող քայլերին: Վերջինիս հետ կապված վարչապետը կարևորել է միջազգային հանրության աջակցությունը: