Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանում զգուշանում են Հայաստանից»

Սպորտ
a9d7ae61dbc544315b510ee749c5da52

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ներկայումս գտնվում է Երեւանում: Մեր ամենափորձառու դարպասապահը «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ իր այցը գործնական բնույթ է կրում.

«Ես արդեն անցկացրել եմ ձմեռային արձակուրդս: Երկրորդ տարին անընդմեջ ընտանիքով մեկնեցի Թայլանդ, որը շատ գեղեցիկ բնություն ունի: Ցավոք, այս տարի եղանակը անձրեւային էր եւ չկարողացանք լիարժեք օգտվել ծովի բարիքներից»:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Ռոման Բերեզովսկին ասաց, որ առայժմ պայմանագիր չի կնքել իր ակումբի` մերձմոսկովյան «Խիմկիի» հետ. «Եկող շաբաթվա մեջ ամեն ինչ պարզ կդառնա: Հավանաբար մեկ տարով կերկարաձգեմ պայմանագիրս»:

Մեր այն հարցին, թե Ռուսաստանում ինչպես են վերաբերվում գալիք տարվա մարտի 26-ին կայանալիք Հայաստան - Ռուսաստան ընտրական հակամարտությանը, «Խիմկիի» դարպասապահն ասաց. «Ռուսաստանում բավական զգուշավոր են խոսում այդ խաղի մասին, հատկապես այն բանից հետո, որ մենք վստահ հաղթանակներ տարանք Եվրո-2012-ի վերջին երկու հանդիպումներում: Ինչպես տեղի երկրպագուները, այնպես էլ Ռուսաստանի հայությունը, անհամբերությամբ են սպասում այդ մրցախաղին: Համոզված եմ, որ երկու հանդիպումներն էլ կանցնեն անչափ լարված եւ հետաքրքիր պայքարում»:

Ռոման Բերեզովսկուն խնդրեցինք անվանել մեր ազգային թիմի այս տարվա լավագույն երեք ֆուտբոլիստներին: Ահա նրա տարբերակը` Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Հովսեփյան, Յուրա Մովսիսյան: