«Ես բոլորովին այլ ապրումներ ունեցա»
«Ես բոլորովին այլ ապրումներ ունեցա, երբ նվերներ հանձնեցի ԼՂՀ-ի մանկատներում ապրող երեխաներին: Տեսնելով, թե ինչպիսի ուրախություն էին ապրում նրանք ` իմ մոտ ավելի մեծ ցանկություն առաջացավ օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն» - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով վերջերս բարեգործական ակցիա կազմակերպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մանկատներում:
Շարունակելով թեման` 21-ամյա ֆուտբոլիստը ավելացրեց, որ իր ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», հաճախակի է նման ակցիաներ կազմակերպում Ուկրաինայում. «Ես այժմ բավական զբաղված եմ, ուստի հաջորդ նմանատիպ ակցիա կանցկացնեմ եկող տարվա ամռանը»:
Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին` Հենրիխ Մխիթարյանը ասաց, որ դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ձմեռային արձակուրդը: «Առայժմ կոնկրետ երկիր չեմ ընտրել հանգիստս անցկացելու համար: Այնուամենայնիվ, կաշխատեմ նպատակային օգտագործել այս ժամանակահատվածը»,-ասել է նա:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ներկա կլինի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող շնորհանդեսին, որի ժամանակ հայտնի կդառնա այս տարվա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի անունը. «Ով էլ ճանաչվի լավագույն, իմ կարծիքով, արժանի կլինի այդ կոչմանը, քանի որ թիվ 1 ֆուտբոլիստին որոշում են ֆուտբոլի մասնագետները եւ լրագրողները»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը անցած տարի ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ այս տարի նա չի մասնակցել հարցմանը, քանի որ այդ իրավունքը ունեն միայն Հայաստանի առաջնությունում հանդես եկող խաղացողները: