Բացել լրահոսը Փակել լրահոսը
281365749_1429036460876026_1052376530076389528_n
A A
Հասարակություն

Այսօր աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

Անցյալ դարի 1980-ականների վերջերից սկսած՝ ակտիվորեն քննարկվում են կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերը։ Այս մասին գրառում կա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ֆբ-յան էջում։
 
«Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները, տորնադոները, աննախադեպ շոգից մինչև անսովոր սառնամանիքներ:
 
Առաջին անգամ կլիմայի գլոբալ տաքացման խնդիրները քննարկվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային գագաթնաժողովում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը կայունացնելու և, որպես հետևանք, ջերմոցային էֆեկտի առաջացումը կանխելու կամ երկրագնդի կլիմայի վիճակի վրա վերջինիս բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ավելի քան 180 ներկայացուցիչներ ստորագրեցին կլիմայի փոփոխության մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակային կոնվենցիան (UNFCCC):
 
1997 թվականի դեկտեմբերին աշխարհի 190 տերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Կիոտոյի արձանագրությունը՝ Շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր պետության պարտավորեցնում էր նվազեցնել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները:
 
Կլիմայի գլոբալ տաքացման բացասական հետևանքները
2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կնքվեց համաձայնագիր մոտ 190 երկրների կողմից, ըստ որի պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի 21-րդ դարում կլիմայի գլոբալ տաքացման շեմը չգերազանցի 2ºC–ը՝ մինչինդուստրյալ ժամանակահատվածի համեմատ։
 
Ըստ այդ համաձայնագրի՝ երկրները պարտավոր են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակն էներգիայի պահպանման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման միջոցով:
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՄԿ) իրականացվում են կլիմայական և կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ, որոնց արդյունքների կիրառումը նպաստում է երկրի կայուն զարգացմանը, կլիմայական ռիսկերի նվազեցմանը, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:
 
Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պարտավորությունները կատարելու նպատակով դեռ 1995 թվականին «ՀՄԿ»-ի կազմում նախկինում գործող Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կողմից պատրաստվել է առաջարկ սկսել կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ Հայաստանում։
 
«ՀՄԿ»–ի կողմից պատրաստվել և հրատարակվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի կլիմայական տեղեկագրերը՝ «Օդի և հողի ջերմաստիճանը», «Խոնավություն, մթնոլորտային տեղումներ և ձնածածկույթ», «Քամի և մթնոլորտային ճնշում», «Հայաստանի ագրոկլիմայական ռեսուրսները», «ՀՀ տարածքում արեգակնային ճառագայթման տեղեկատու», «Շինարարական կլիմայաբանություն»։
 
Կլիմայի դիտված փոփոխությունները Հայաստանի տարածքում
Օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Կլիմայի Փոփոխության Առաջինից Չորրորդ ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ»։