Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է նվեր-տուփ
Աջակցիր «Ա1+»-ին«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հերթական ծրագիրն է «Սեր Արցախ» բարեգործական նախագիծը, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանալու է իր առաջին նվեր-տուփը: Այս ծրագրի խորհուրդն է արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը:
Նախագիծը մեկնարկելու է հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը` ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և իրենց հայրենի հողին նոր կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության և պատասխանատվության։
Նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ (անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փափուկ մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
«Սեր Արցախ» բարեգործական ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայերին, Հայաստանի բնակիչներին, ձեռնարկություններին և այլ նվիրատուներին` հովանավորելու Արցախում բնակվող ընտանիքներին ուղարկվող մեկ կամ մի քանի տուփերի ստեղծումը:
««Սեր Արցախը» ամբողջովին նվիրատվությունների վրա կենտրոնացած նախաձեռնություն է: Այն կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ պատրաստ կլինեն նվիրատվություններ կատարել և կհավատան ծրագրի առաքելությանը,»- նշել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթը :